Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները նվազել են: Եթե 90-ական թվականներին մեկ ծննդաբերությանը բաժին էր ընկնում մեկ արհեստական ընդհատում, ապա այսօր վեց ծննդին է բաժին ընկնում մեկ արհեստական ընդհատում: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, եթե առաջներում մայրերը բավական թեթև էին տանում արհեստական ընդհատումը, ապա այսօր արդեն սկսել են խորը մտածել դրա հետևանքների մասին: «Մեր երկրում կա սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիր: Հայաստանում, դժբախտաբար, վերջին տարիներին հարյուր աղջկա դիմաց ծնվել է 120 տղա: Այսինքն' մենք կորցնում ենք պոտենցիալ մայրերին»,-ասաց նա: Ավագյանը նշեց, որ առաջին հղիությունը, սովորաբար, չեն ընդհատում: «Մեր երկրում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները հիմնականում սկսվում է երկրորդ և երրորդ երեխայի ժամանակ: Հայերը ոչ թե դեմ են աղջկան, այլ ուզում են անպայման տղա ունենալ»,-ասաց նա:

 

Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետի խոսքով' առաջներում, երբ չկար էխոսկոպիկ հետազոտություն, կանայք ունենում էին այնքան երեխա, մինչև տղա ունենան: Սակայն ապացուցված է, որ երեք և ավելի աղջիկ ունենալուց հետո տղա ունենալու հավանականությունը մեծանում է: «Մեր կանայք պետք է իրենց առողջական վիճակին ավելի ուշադիր լինեն: Հայ կինը փորձում է լինել լավ մայր, լավ տնտեսուհի, մոռանալով իր անձը, սակայն չպետք է մոռանալ, որ հենց մորից է կախված ընտանիքի ամրությունն ու առողջությունը:

 

Կարինե Ավագյանը նշեց, որ այսօր Հայաստանում պահպանակների շատ մեծ սպառում կա, ինչը վկայում է այն մասին, որ սկսել են մտածել իրենց անվտանգ սեռական կյանքի մասին: Նա ցավով տեղեկացրեց, որ Հայաստանում անպտղությունը դեռևս խնդիր է մնում: «Մենք բավական դժվար տարիներ ենք ունեցել: Հետո էլ երիտասարդներն առողջ սկզբով են սկսում վերարտադրությունը, հետո սկսվում են բորբոքային պրոցեսներ, սեռավարակներ»,-ասաց նա' հավելելով, որ մի շարք միջոցառումների շնորհիվ բարձրացվել է կանանց տեղեկացվածության մակարդակը ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների վերաբերյալ՝ կանխելու հղիության ընդհատումը, ապա և դրա հետևանքով առաջացած անպտղությունը: