Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները: Մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը' կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա' 100 աղջիկ հարաբերակցությունը:

 

Հետազոտությունները փաստում են, որ եթե սելեկտիվ աբորտների ներկա յիս տեմպերը Հայաստանում շարունակվեն, ապա 20 տարի անց 28000 պոտենցիալ մայրեր ուղղակի չեն լինի, ինչը ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ կարող է առաջացնել։ Ի թիվս այլ խնդիրների, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը մտել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության' Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների ցանկի մեջ:

 

Մի շարք հասարակական կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում հանրության շրջանում՝ փորձելով իրազեկել սելեկտիվ աբորտների հետևանքների մասին, տրամադրել համապատասխան գիտելիքներ։

 

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացնում է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրության տվյալներով՝ Եղեգնաձորի ծննդատանը 2012թ. ծնվել է 153 տղա, 127 աղջիկ: Ըստ Մարկոսյանի՝ խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում, ուստի իրենց ծրագրի թիրախ խումբը հիմնականում գյուղաբնակներն են:

 

Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը հանդիպումներ է ունենում երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ: Հանդիպումները վարում են հոգեբանը, բժիշկը, հոգևորականը, ովքեր զրույցներ են ունենում նշված թեմայի շուրջ։ «Մեր նպատակն է կրթել, բացատրել, որ երեխայի սեռի նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքը հասարակության մեջ արդարածված չէ»,- ասում է ՀԿ ղեկավարը: Հանդիպումների ընթացքում ցուցադրվում են նաև թեմային առնչվող փաստավավերագրական ֆիլմեր, բացատրվու մ սելեկտիվ աբորտների հետևանքները, բաժանվում են տեղեկատվական թերթիկներ:

 

Խնկանուշ Մարկոսյանը նշում է նաև, որ հանդիպումների արդյունքում տեղերում իրենք ստեղծելու են երիտասարդներից, երիտասարդ մայրերից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք հետագայում, պահպանելով կապը ՀԿ-ի հետ, գործունեություն կծավալեն համայնքներում: