Pastinfo.am Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Արաբկիր» բժշկական համալիրի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ՝ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով դատաքննությունը:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի շահերը դատարանում կներկայացնի Գիվի Հովհաննիսյանը, իսկ Զարինե Այվազյանինը՝ Երեմ Սարգսյանը: Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ դատարանում ներկայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այսօրվա դատական նիստում դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները եւ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ Այսպիսով՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին ժամը 20:20-ին նշված համալիրի բոքսային բաժանմունք է ընդունվել 2010թ. ծնված Լիա Միսակյանը:
Հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է թերի ախտորոշում՝ սուր շնչառական ինֆեկցիա, ինչի հետևանքով՝ Միսակյանին չի նշանակվել հակաբակտերիալ բուժում: Բացի այդ, չի կատարվել ռենտգեն նկարահանում՝ թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով. գործողությունների ժամանակին կատարումը հնարավություն կտար հիվանդին ցուցաբերել կոորդինացված հակաբակտերիալ բուժում և արյան փոխարինիչների ներարկումներ: Այսինքն՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին Լ.Վարդանյանի կողմից Լիա Միսակյանի առողջական վիճակի համար ճիշտ և ժամանակին ախտորոշման համապատասխան բուժում նշանակելու պայմաններում հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվով ընթացքը:
Դրանից բացի, Լ.Վարդանյանը, հիվանդին ընդունելու ժամանակ նշանակելով արյան ընդհանուր քննություն, ցուցաբերել է անգործություն, հետևողական չի եղել նույն օրն արյան նմուշ վերցնելու, ընդհանուր քննություն անցկացնելու և արդյունքները ստանալու ուղղությամբ, այն դեպքում, երբ նշված բժշկական համալիրում լաբորատորիան գործել է շուրջօրյա և որևէ խոչընդոտ չի եղել արյան ընդհանուր քննություն անցկացնելու հարցում: Մինչդեռ 2013թ. հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժ Իրինա Մամյանը հենց արյան ընդհանուր քննության արդյունքներից ելնելով էլ գնահատել է Լիա Միսակյանի ծանր վիճակը և նշանակել հիվանդությանը համապատասխան բուժում:
«Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանին եւս մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ Այսպիսով՝ 2013թ. հունվարի 1-ին Լիլիթ Վարդանյանից հերթապահությունն ընդունած մանկաբույժ Զարինե Այվազյանը դրսևորել է բացահայտ անգործություն. չի կատարել իր մասնագիտական պարտականությունները: Հերթապահությունը ստանձնելիս Լիա Միսակյանի հիվանդության պատմագրությամբ տեսնելով, որ 31.12.2012թ. նշանակվել է արյան ընդհանուր քննություն՝ իր հերթապահության ընթացքում չի անդրադարձել արյան քննության արդյունքներին, այն դեպքում, երբ 2013թ. հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, դրանք արդեն իսկ պատրաստ են եղել և վկայել են լեյկոցիտների ցածր քանակի և լեյկոցիտների հակաբակտերիալ իմունիտետի պատասխանատու ձևերի սիգմենտավորիզավոր նետրոֆիլների քանակի խիստ նվազման մասին:
Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Ամբաստանյալ մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուս ամբաստանյալը՝ հայտարարեց, որ իրեն հասկանալի չէ մեղադրանքը։ Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքի ձևակերպումից հասկանալի չէ, թե ինչում են մեղադրում իր պաշտպանյալին և խնդրեց մեղադրող դատախազին պարզաբանել, թե արյան ընդհանուր քննության պատասխանը տեսնելու դեպքում համապատասխան ցուցված բուժումը ո՞րն է: Ըստ պաշտպանի՝ վերացական բնույթի արտահայտություններ են և իր պաշտպանյալը հնարավորություն չունի պաշտպանվելու, քանի որ չգիտի, թե ինչից պաշտպանվի:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ընդամենը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն է ընթերցվել և որ գործում բազմաթիվ ապացույցներ կան, որոնք կետազոտվեն դատարանում եւ պաշտպանական կողմի համար պարզ կդառնա, թե ինչում է կայանում Զարինե Այվազյանի անգործությունը:
Պաշտպանը գտավ, որ պաշտպանական կողմի իրավունքի խախտում է տեղի ունենում՝ նշելով, որ օրենսդիրն այս փուլի համար է նախատեսել, որ անձը պետք է հստակ իմանա, թե ինչ համար է մեղադրվում, որպեսզի կարողանա պաշտպանվել եւ ոչ թե՝ դատաքննության վերջում:
Մեղադրող դատախազն էլ իր հերթին հակադարձեց պաշտպանին ասելով, որ նախաքննության փուլում քննիչի կողմից հստակ պարզաբանվել է մեղադրանքը և եթե ամբաստանյալների և նրանց պաշտպանների համար անհասկանալի էր, ապա ինչու մինչ այդ որևէ նման պահանջ չեն ներկայացել: Դատարանը սահմանեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Ըստ այդմ՝ նախ կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, ապա՝ վկաները, հետո կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, որից հետո կհարցաքննվեն փորձագետները, իսկ վերջում՝ ամբաստանյալները:
Դատարանը տուժողի իրավահաջորդին կհարցաքննի հաջորդ նիստին, քանի որ ամբաստանյալ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեկ այլ քրեական գործով պետք է մասնակցեր քննչական անհետաձգելի գործողության և խնդրեց դատական նիստը հետաձգել: Տուժողի իրավահաջորդը ևս միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ մեղադրական եզրակցության եզրափակիչ մասին ծանոթանալու համար, քանի որ մինչ այդ իրեն չի տրամադրվել: