Հայաստանի պաշտոնական դիրքը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ միայն ճիշտ է այլեւ կշռադատված: «Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ' Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կհամագործակցի Ուկրաինայում իշխանության եկած ուժի հետ, խոսում է այն մասին, որ պետությունն առաջին հերթին մտածում է Ուկրաինայում բնակվող ավելի քան հարյուր հազար հայերի մասին:
«Չպետք է մոռանալ, որ Ուկրաինայում բնակվում է հարյուր հազար հայ եւ պետությունը պետք է հոգ տանի նրանց մասին: Նրանք տարբեր տեսակետեր ունեն երկրում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, իսկ պետությունը պետք է այնպիսի քաղաքականություն տանի, որպեսզի չվտանգի նրանց ապահովությունն ու հետագա անվտանգությունը»,- ասաց Սերգեյ Մինասյանը' հիշեցնելով, որ նույն քաղաքականությունը Հայաստանը վարում էր ավելի քան երկու տարի Սիրիայում տեղի ունեցող բախումների ժամանակ' հաշվի առնելով Սիրիայում հարյուր հազարավոր հայերի ներկայությունը: Քաղաքագետին զարմացնում է, որ այդ ժամանակ Հայաստանի չեզոք եւ հավասարակշռված դիրքորոշումը քննադատության չէր արժանանում, իսկ Ուկրաինայի պարագայում տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսանում:
Անդրադառնալով մի շարք քաղաքագետների ներկայացրած տեսակետին, որ Ղրիմի անկախություն ստանալը կարող է լուրջ նախադեպ հանդիսանալ նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության համար, քաղաքագետն ասաց, որ դրանք ընդամենը քարոզչական խոսակցություններ են: Նա հիշեցրեց, որ ի տարբերություն աշխարհում առկա մի քանի տասնյակ հակամարտությունների եւ վերջերս անկախություն ստացած մի շարք պետությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավական առումով ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են երկրի անկախ եւ սուվերեն լինելը:
«Եթե ուսումնասիրենք փաստաթղթղերը, ապա կհամոզվենք, որ ԼՂՀ-ի անկախությունը իրավական առումով եւ բոլոր փաստաթղթղերով համապատասխանում է Խորհրդային Միության օրենքներին եւ դրույթներին: Իրավական նման բազա չունի ո'չ Կոսովոն, ո'չ Աբխազիան, Հարավային Օսիան կամ անկախության համար պայքարող Շոտլանդիան: Հետեւաբար, իրավական առումով ԼՂՀ-ն ապացուցելու ոչինչ չունի: Այստեղ ընդամենը գոյություն ունի քաղաքականություն, քաղաքական կամք եւ խաղեր, եւ վերոնշյալ մի շարք երկրների անկախություն ստանալը հենց այդ ոլորտից է: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի եւ Ղրիմի հետ համեմատություններին, դրանք դատարկ խոսակցություններ են»,- ասաց քաղաքագետը:
Ուկրաինայում լարված իրավիճակը ազդեցություն է թողել Ղրիմի Ինքնավար Հանրապետության վրա: Ղրիմում իրավիճակը լարվեց, երբ Կիեւում «մայդանի» հայտնի իրադարձություններից հետո փոխվեց իշխանությունը, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարվեց եւ նա գաղտնի կերպով տեղափոխվեց Ռուսաստան: Սիմֆերոպոլում տեղի ունեցավ միանգամից երկու հանրահավաք եւ փողոց դուրս եկան եվրոպական եւ ռուսական ուղղվածություն ունեցող բնակիչները:
Մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը միաձայն որոշում կայացրեց ինքնավորության' ՌԴ կազմում ընդգրկվելու վե րաբերյալ: Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով լարվել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Հայաստանում մի շարք քաղաքագետներ տեսակետ են հայտնում, որ Ղրիմի անկախություն ստանալը կարող է դրական ազդեցություն ունենալ եւ նպաստել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: