ՀՀ ոստիկանության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում անցյալ տարի արձանագրվել է պոռնկագրական նյութերի տարածման ինը դեպք, որից երկուսը' մանկական պոռնկագրության տարածում է եղել: «Շատ հաճախ զերծ մնալով դրսի ազդեցությունից, երեխաները համակարգչով են զբաղվում:
Նրանք բավականին խոցելի են, հետևաբար ծնողները հնարավորինս ուշադիր պետք է լինեն երեխաների հանդեպ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, 3-րդ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով' ողջ աշխարհում այսօր մտահոգիչ են մանկապղծության դեպքերը, ահաբեկչությունը:
Անցյալ տարի արձանագրված մի դեպքով 200-ից ավելի տեսաձայնագրություն ճանաչվել է որպես մանկական պոռնկագրություն: Նախաքննությամբ պարզվել է, որ տեսաֆիլմերը ներբեռնվել են ինտերնետից: Հովսեփյանի խոսքով' հայ իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին' նրանց տրամադրելով տվյալներ կայքերի տեղակայման վերաբերյալ: Արդյունքը շատ չի ուշացել. կարճ ժամանակ անց Նիդերլանդների ոստիկանությունը և Հետաքննությունների Դաշնային Բյուրոն կասեցրել է ցանցի գործունեությունը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի հարցում մեր իրավապահները սերտորեն գործակցում են նաև Ինտերպոլի հետ:
Ինչ վերաբերում է համակարգչային այլ ծուղակներին, ապա ոստիկանությունում խորհուրդ են տալիս բանկային քարտերն օգտագործելուց ևս զգույշ լինել, կասկածելի կայքերից առցանց առևտուր չանել, քանի որ գրանցված տվյալները կարող են դառնալ օտարների սեփականությունը: Ոստիկանությունում արձանագրվել են նաև շորթման դեպքեր:
«Ծանոթանում են, ասենք, «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով, տևական ժամանակ ինտիմ զրույցներ տանում, հետո տղամարդը փորձում է գումար շորթել' սպառանալով, որ հակառակ դեպքում կհրապարակի ձայնագրությունը»,-ասաց ոստիկանության փոխգնդապետը' հավելելով, որ նման երկու դեպք բացահայտվել է: