Հայաստանում ներկայում համաճարակներ չկան, ինֆեկցիոն հիվանդացության մակարդակը վերահսկողության ներքո է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Համաճարկներ, բարեբախտաբար, չունենք: Համաճարակները համապատասպան շեմն անցնող հիվանդությո ւններ են, որոնք ֆիքսվում են մասնագետների կողմից և որոնց դեմ իրականացվում են կտրուկ գործողություններ: Այսօր Հայաստանում համաճարակներ չունենք»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով' անցյալ տարվա համեմատ վերջին երեք ամսվա ընթացքում երկու անգամ պակասել է մենինգային ինֆեկցիայով ախտահարված մինչև հինգ տարեկան երեխաների թիվը' չնայած ընթացիկ տարում առաջացան էնտերովիրուսով պայմանավորված խնդիրներ և գրանցվեց շուրջ 350 դեպք տարբեր հիվանդանոցներում: «Դրան զուգահեռ մեր հարևան Վրաստանում էնտերովիրոսով ախտահարված հազարավոր հիվանդներ կան: Բավականին մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվել, որ կարողանանք զսպել հնարավոր բռնկումները մանկապարտեզներում, հանրային վայրերում»,-նշեց Արմեն Մուրադյանը:
Նախարարի հավաստիացմամբ' Հայաստանում նշյալ վիրուսներով հիվանդացած բնակչության կլինիկական վիճակը բավականին թեթև է ընթանում: «Մեկ-երկու օրվա կիլինիկական դրսևորումներ կան, անհրաժեշտություն է առաջանում հիվանդանոցում հետազոտվելու, բայց դեռ ծանր դեպքեր չեն գրանցվել»,-հայտնեց նախարարը:
Անդրադառնալով Հայաստանում «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (ԳԱՎԻ) ծրագրի ավարտին ու դրանով պայմանավորված ոչ որակյալ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորության հարցին' Արմեն Մուրադյանը նշեց, որ ծրագիրը հնարավոր է շարունակվի Հայաստանում:
«Նախ ցանկանում եմ նշել, որ ԳԱՎԻ-ն ոչ միայն պատվաստանյութեր է տալիս Հայաստանին, այլև մեթոդական աշխատանքներ է իրականացնում: Կոպենհագեն իմ այցելության ընթացքում ես դիմել եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը' ակնկալելով նրանց աջակցությունը, որպե սզի միջնորդություն ներկայացվի ԳԱՎԻ-ին Հայաստանում իր ծրագիրը շարունակելու համար' հաշվի առնելով հաջողությունները, որ գրանցել ենք մեզ մոտ: Ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված' մահացության տոկոսը չի գերազանցում մեկ տոկոսը, ինչը մեր լրջագույն հաջողություններից է: Այդ հաջողություններն ամրապնդելու համար պետք է շարունակել համագործակցությունը»,-շեշտեց նախարարը' ընդգծելով, որ որակյալ պատվաստանյութերի հարցը ենթադրում է լուրջ վերլուծություններ ու այն մտահոգում էր հանդիպմանը մասնակցող ցանկացած մարդու, այդ թվում' իրեն:
Նախարարը հայտնեց նաև, որ սեպտեմբերից նախատեսված է ձեռք բերել պնևմակոկային պատվաստանյութ, որը թույլ կտա թոքաբորբային բակտերիաներով պայմանավորված հիվանդացության դեմ լուրջ պայքար մղել: