Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այս շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կկարողանա նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել Ղրիմի իրավիճակի և տնտեսությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

 

«Վաշինգտոնում նա կքննարկի նախագահ Օբամայի և կառավարության անդամների հետ երկու առանցքային հարցերը: Առաջինը տնտեսությունն է, իսկ երկրորդը, իհարկե, Ղրիմի ճգնաժամն է: Նախագահ Օբաման, պետքարտուղար Քերին և ԱՄՆ վարչակազմի այլ անդամներ ամեն ինչ կանեն խնդրի լուծման դիվանագիտական ուղին գտնելու համար»,- հավելել է Պայետը:

 

Նշենք, որ Կիևի որոշմամբ Ղրիմի Պետական գանձարանի արգելափակված հաշիվների վրա կա ավելի քան 1 մլրդ գրիվեն (ավելի քան 110 մլն դոլար), որը նախատեսված էր թոշակների, աշխատավարձերի և սոցիալական վճարումների համար: Ղրիմի Գերագույն խորհուրդը մտադիր է այս որոշումը վիճարկել դատարանում: