Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ համագործակցել վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի և ընթացակարգերի դյուրացման շուրջ:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ մարտի 13-ին կառավարության նիստում կքննարկվի ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ընթացակարգերին:

 

«Այս կերպ պետական մարմինների համար պարզ է դառնում, թե ինչ ժամկետներում և ինչպիսի ընթացակարգով պետք է իրականացվի ռեադմիսիան: Խոսքը երկու տեսակի ժամկետների մասին է: Կա արագացված, երբ երկու օրվա ընթացքում պետք է կատարվի ռեսադմիսիան: Սա այն պարագայում, երբ անձը օդանավակայանում է հայտնվել և սահմանը չի անցել: Սովորական ընթացակարգի պարագայում պետությունը 12 օրվա ընթացքում պետք է ետ ընդունի իր քաղաքացուն, որ առանց փաստաթղթի մուտք է գործել այլ պետության սահման»,- ասաց Եգանյանը' հավելելով, որ հասարակության շրջանում ռեադմիսիայի վերաբերյալ հրապարակումները սխալ են ներկայացվում, և հասարակության մեջ թյուրըմբռնում կա, որ վերադարձողների հեղեղ է լինելու:

 

Եգանյանի խոսքով' Հայաստանը տարիներ շարունակ նմանատիպ համաձայնագրով աշխատել է 12 երկրի հետ, և այդ ընթացքում պետությունը տարեկան ստացել է առավելագույնը հարյուր դիմում:

 

Ըստ Եգանյանի' այս կերպ Հայաստանն իր դիրքորոշումն է հայտնում տվյալ հարցի նկատմամբ և ցուցաբերում ժողովրդավար և քաղաքակիրթ մոտեցում:

 

2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտեվ ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որը մի շարք խմբերի քաղաքացիների հնարավորություն է ընձեռում առանց բյուրոկրատական քաշքշուկների և վիզայի համար ավելի ցածր վճարով այցելել Եվրամիության անդամ երկրներ: