Եթե Ռուսաստանը «պատրաստակամություն չդրսեւորի օժանդակելու Ուկրաինայի ճգնաժամի լուծմանը եւ ստեղծված լարված իրադրության լիցքաթափմանը», «եթե մոտ ժամանակներս այդ ուղղությամբ արդյունքներ չլինեն», ապա մարտի 17-ին Եվրամիությունը որոշում կընդունի Ռուսաստանի դեմ երկրորդ շարքի պատժամիջոցների սահմանման վերաբերյալ:
Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՝ մարտի 13-ին կառավարության հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում:
Նրա խոսքով՝ երկրորդ փուլը ներառում Է ոչ միայն Ուկրաինայում իրադրության ապակայունացման համար պատասխանատու անձանց Արեւմուտք ուղեւորությունների սահմանափակում եւ բանկային հաշիվների սառեցում, այլեւ հրաժարում Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումից:
Իսկ եթե Ռուսաստանը հետագայում Էլ ապակայունացնի իրադրությունը եւ հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, ապա հարկ կլինի սահմանել երրորդ շարքի պատժամիջոցներ, որոնք «կվերաբերեն տնտեսական համագործակցությանը», նշել Է Անգելա Մերկելը: «Ոչ ոք դա չի ցանկանում»,-ընդգծել Է նա: «Սակայն մենք նման պատժամիջոցների պատրաստ ենք եւ կկիրառենք դրանք, եթե դա անխուսափելի դառնա»,-ասել Է ֆեդերալ կանցլերը:
«Անհրաժեշտ Է գտնել «Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ լուծում»,-ընդգծել Է նա: «Այդ ճգնաժամը ռազմական ճանապարհով չի լուծվի»,-հավելել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: