Եթե Հայաստանի որոշ քաղաքական ուժեր չմիավորվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ժամանակի ընթացքում կվերածվեն «պիոներների» և «հոկտեմբերիկների»: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիտարկմանը, թե Հայաստանում չի կարող քաղաքական ամերիկյան մոդել լինել, քանի որ ՀՀԿ-ն նման է КПСС-ի: «Ես ուղղակի զարմանում եմ իմ մի շարք գործընկերների վրա, որոնք 7 երգ գիտեն, 7-ն էլ Հանրապետականի մասին: Ես իրենց լուրջ առաջարկ եմ անում՝ միանալ ԲՀԿ-ին, իրենք ասում են, թե Հանրապետականը նման է КПСС-ի: Ես չեմ ասել, թե Հանրապետականն ում է նման կամ ինչի է նման: Հանրապետականը նման է միայն ինքն իրեն»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ կարող է մի բարի խորհրուրդ տալ նրանց' եթե չմիավորվեն ԲՀԿ-ի հետ, կարող են վերածվել «պիոներների» և «հոկտեմբերիկների»:
Ավելի վաղ Շարմազանովը դրական էր գնահատել ոչ իշխանական ուժերի համախմբումը և նշել էր, որ դրա արդյունքում Հայաստանում կարող է ձևավորվել ամերիկյան երկբևեռ քաղաքական մոդել, որի մի բևեռը կլինի ՀՀԿ-ն, իսկ մյուսը՝ համախմբած քաղաքական ուժերը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին նշել էր, թե Հայաստանում չի կարող ամերիկյան մոդել լինել, քանի որ ՀՀԿ-ն նման է КПСС-ի: