Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման խիստ քննադատությամբ:
Նա հատուկ ուշադրության է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններին:
Twitter-ի իր էջում արած գրառման մեջ Նովրուզ Մամեդովը Ջեյմս Ուորլիքին մեղադրել է այն բանում, որ նա «թաքուն պայմանավորվածություն ունի հայկական կողմի հետ»:
«Ջեյմս Ուորլիքի թվիթներից երեւում է, որ նա որոշակի պայմանավորվածություն ունի հայերի հետ: Ըստ երեւույթին' հակամարտության գծով նրանց դիրքորոշումները համընկնում են»,- ասել է նա:
ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների ցանկացած առաջարկություն, որը տարբերվում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներից, Բաքվում փորձում են ներկայացնել հայամետ: Երեւում է' Բաքվի պաշտոնյաներին դուր չի եկել բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտին ներգրավելու վերաբերյալ Ջեյմս Ուորլիքի արած կառուցողական հայտարարությունը:
Փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ֆորմատի վերականգնման ցանկություն էր հայտնել: «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն է թողել. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վեր ականգնել լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»: