ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտնում է vedomosti.ru-ն:

 

«Առանց Ուկրաինայի կառավարության մասնակցության, չի կարելի Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունել: ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, որն անց է կացվել բռնության և ռուսական ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո»,-ասված է հայտարարության մեջ:

 

Իսկ այս գիշեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն խախտում է Ուկրաինայի Սահմանադրությունը, քանի որ այն տեղի է ունեցել սպառնալիքների և ռազմական միջամտության արդյունքում:

 

Եվրամիության ներկայացուցիչները մարտի 16-ին նույնպես հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեն'Ռուսաստանի ծավալած գործողությունները որակելով իբրև ագրեսիս և ոչ օրինական:

 

Ճապոնիան նույնպես հրաժարվել է Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելուց, քանի որ այն չի համապատասխանել Ուկրաինայի Սահմանադրությանը:

 

«Մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեն կամ դրա արդյունքները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ և ճգնաժամը լուծել միջազգային իրավունքի շրջանակներում»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում: