Ղրիմի հանրաքվեն տեղի է ունեցել Ուկրաինայի Սահմանադրության եւ միջազգային բոլոր նորմերի խախտմամբ, հետեւաբար, Ուկրաինան երբեւէ չի ընդունի Ղրիմի հանրաքվեն: Այդ առնչությամբ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հետաքրքրական համեմատություն արեց: «Իսկ դուք կհամաձայնե՞իք կամ ինչպե՞ս կվարվեիք, երբ որոշումը կայացվեր օրենքին եւ ձեր ցանկությանը հակառակ: Օրինակ, ձեզ ասեին, դուք իրավունք չունեք կիրակի տանից դուրս գալու կամ շաբաթ օրը ընդամենը մեկ ժամ ունեք զբոսնելու համար»,- մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կուխտան: Շարունակելով համեմատությունների շարքը, դեսպանը, նշեց, որ Ղրիմի հանրաքվեն նման է այն իրավիճակին, երբ ասենք Երեւանի մի փողոց, օրինակ Այգեձորը, որոշում կայացնի եւ դուրս գա Երեւանի կազմից: «Որոշումները հենց այնպես չեն կայացվում, դրա համար գոյություն ունի Սահմանադրություն»,- մանրամասնեց Ուկրանիայի դեսպանը:
Կուխտայի խոսքերով, Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, սակայն Ղրիմի կորստի հետ համակերպվել էլ չի պատրաստվում: «Հենց այդ նպատակով էլ Ուկրաինան առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ինչպես Ղրիմի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ, քննարկել հարցերը: Ուկրաինան պատրաստ է մեծացնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության լիազորությունները, կարգավորել լեզվական հարցերը»,- ասաց դեսպանը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կուխտան գնահատական չտվեց երկրի այլ շրջաններում տեղի ունեցող բողոքի ակցիաների եւ հանրահավաքների առնչությամբ: Նա միայն հավելեց, որ Ուկրաինան ժողովրդավար պետություն է եւ թույլ է տալիս հանրահավաքների եւ այլ միջոցառումների անցկացում, եթե դրանք չեն խոչընդոտում օրենքին:
Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը: Մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր եւ ճանաչել Ղրիմի անկախությունը: Իսկ մարտի 18-ին ստորագրվել է Ղրիմի մարզի եւ Սեւաստոպոլ քաղաքի' ՌԴ կազմ մտնելու միջազգային համաձայնագիրը: Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքներն ու որոշակի պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ:
Հասմիկ Հարությունյան