ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանը, որը փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով նախաքննությունն իրականացնելու համար ձևավորված քննչական խմբի ղեկավարն է եղել և այդ գործով քննիչներից, լինելով պաշտոնատար անձ, կեղծիք է կատարել պաշտոնական փաստաթղթում:
Գործով կարևոր ականատես վկա՝ հանգուցյալի քրոջ որդին՝ Հայկ Ասլիկյանը, օրենքի չիմացության պատճառով Սամվել Դիլոյանի և Արեն ու Արտակ Վերանյանների դեմ քննիչի ուղղորդմամբ մեկ անգամ մեղադրող ցուցմունք տալով՝ հետագայում ստիպված կրկնել էր այն՝ վախենալով քրեական պատասխանատվության ենթարկվել նախնական ցուցմունքը փոխելու համար: Բայց հենց նախաքննության փուլում մեղադրյալ Սամվել Դիլոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, արդեն գործում իր կողմից ներգրավված փաստաբանից տեղեկանալով իր իրավունքների մասին, մասամբ պատմել է ճշմարտությունը: Իր փաստաբան Վաչե Դավթյանի, մեղադրյալ Սամվել Դիլոյանի ու վերջինիս պաշտպան Ռուբեն Հակոբյանի ներկայությամբ առերես հարցաքննության ժամանակ Հայկ Ասլիկյանը հստակ հայտարարել է, որ իր նախնական մեղադրող ցուցմունքը քննիչի ուղղորդմամբ է տվել: Քննիչ Արամ Ավագյանն արձանագրել է վկայի այդ ցուցմունքը՝ «Ընդե ինձ չեն ճնշել, ուղղորդելու պահով լսել եմ ընդեղ անուն, մասնավորապես Չուգուն: Էդ լսածիս հիման վրա էդ օրը ցուցմունքում նշել եմ Չուգուն անունը: Հետո հանել եմ էդ անունը»:
Սակայն, ինչպես դատարանում պարզվեց, առերես հարցաքննությունից հետո քննիչ Ավագյանը գրիչով միջամտություն է կատարել առերեսման արձանագրության մեջ: Եվ վկայի ցուցմունքը նրա «թեթև» ձեռքով փոփոխվելով՝ «խմբագրվել» է այսպես. «Ինձ չեն ճնշել, ուղղորդել այդ պահով, ընդեղ լսել եմ անուն, մասնավորապես Չուգուն»: Այսինքն՝ արձանագրության մեջ քննիչ Ավագյանն «ուղղորդելու» բառից ջնջել է ու-ն, «ուղղորդելու պահով» արտահայտության մեջ ավելացրել է այդ դերանունը, իսկ «ուղղորդելու պահով» կապակցությունից հետո՝ ստորակետ, և արդյունքում՝ նախադասությունն իմաստափոխվել է: Ըստ քննիչի «խմբագրած» տարբերակի՝ վկային ոչ ճնշել են, ոչ էլ ուղղորդել: Բայց վկան հենց այդ մասին է ցուցմունք տվել մեղադրյալի հետ առերեսվելիս՝ նույնը պնդելով նաև դատարանում՝ երկու օր տևած հարցաքննության ժամանակ, որ քննիչն է ուղղորդել իրեն: Իսկ Արամ Ավագյանը միտումնավոր խեղաթյուրել է վկայի՝ նախաքննական մարմնի կողմից իր նախաքննական ցուցմունքն ուղղորդելու փաստը:
Քննչական բաժանմունքի պետը, փաստորեն, պաշտոնական կեղծիք է կատարել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Քր. օր.-ի 314-րդ հոդվածով՝
Պաշտոնեական կեղծիքը՝
1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: