Արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 17-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը զեկուցել է շավաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների և իրականացված միջոցառումների վերաբերյալ:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ներկայացրել է 2014թ. երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Հունվար-փետրվար ամիսներին ՊՀ և ՏԱ տեսչության կողմից հաշվառվել է 295 հրդեհ (անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 151 հրդեհ): Հրդեհներից զոհվել է 13 և վնասվածքներ ստացել՝ 12 մարդ: Ոչնչացել է 6 շինություն, 3 միավոր ավտոտրանսպորտ, շուրջ 199 տոննա անասնակեր: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը, էլեկտրական սարքավորումների տ եղակայման և շահագործման կանոնների խախտումը, երեխաների խաղալը կրակի հետ, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը: Ստուգումների արդյունքում մարզերում հայտնաբերվել է շահագործվող 73 շարժական գազալցակայան: Թեև դրանցից 27-ն անցել են փորձաքննություն և ստացել վկայական, սակայն այդ փորձաքննությունն անցել են որպես գազ տեղափոխող և ոչ թե լիցքավորող արտադրական վտանգավոր օբյեկտներ:
ԱԻ նախարարը հանձնարարել է ակտիվացնել բացատրական աշխատանքները հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոնների շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: