Գյումրին սեփական եկամուտների ծրագիրը 2013 թվականին կատարել է 99.1 տոկոսով: Այս մասին մարտի 18-ին կայացած ավագանու հերթական նիստի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նրա խոսքով' սա հանրապետությունում կարելի է աննախադեպ ցուցանիշ համարել: Եղել է նաև տնտեսում, որի արդյունքում առաջացած ազատ միջոցները տեղափոխվել են 2014 թվականի բյուջե:
Ֆինանսատնտեսական բաժնի պետը նաև ներկայացրեց արդեն այս տարվա առաջին ամիսների արդյունքերը: Դրանք նաև գոհացնում են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Մենք փայլուն արդյունքներ ունեցանք: Դա շատ կարևոր էր: Արդեն ավարտին է մոտենում 2014 թվականի առաջին եռամսյակը և նույնպես փայլուն արդյուքն ենք ունենալու: Պարզ է, որ այն կատարելու ենք 100 տոկոսով, նույնիսկ սպասում ենք, որ կունենաք գերակատարում՝ բազային ռեզերվների հաշվին: Այսպիսի նախադեպ Գյումրիում չենք ունեցել»,- նշեց քաղաքապետը՝ վստահեցնելով, որ եկամուտների անցյալ տարվա 99.1 տոկոս ցուցանիշն ավելի բարձր կլիներ, եթե լուծված լիներ ավտոկայանտեղերի հարցը:
Ավագանու նիստի ընթացքում հաստատվեց Գյումրի քաղաքի 2013 բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, քննարկվեցին և ընդունվեցին կինոռեժիսոր Արմեն Գասպարյանին «Վերջին քաղաքը» ֆիլմի նկարահանմանը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին, ինչպես նաև դրամատիկական թատրոնին դրամական աջակցություն տրամադրելու որոշումները: Հաստատվեցին նաև Գյումրու համայնքային ենթակայության մանկապարտեզներում սոցիալական որոշ խմբերի երեխաներին անվճար, կամ ծնողական վճարների սահմանված չափի նկատմամբ զեղչեր կիրառելու մ ասին և այլ որոշումներ:
Քաղաքի ավագանին բոլոր օրակարգային հարցերը քննարկեց և ընդունեց միաձայն՝ բացառությամբ «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Քաղաք զբոսայգի» ՓԲԸ լուծարային հանձնաժողով ստեղծելու որոշուման: Այն ընդունվեց որոշակի փոփոխությամբ: