Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կատարված հանցավոր արարքներ:

 

Նախաքննության ընթացքում Արտակ Ղուկասյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քննչական բաժնի նախկին քննիչը քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու, այն է' գործով նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունն իր օգտին ստանալու համար պահանջել է կաշառք:

 

Բացի այդ, հիշյալ քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ նույն քննիչը, անցնելով պաշտոնեական լիազորությունները, տուժողին թելադրել է ցուցմունք գրել իրականում չհատուցված պատճառված վնասն իբրև ամբողջությամբ վերականգնված լինելու, մեղադրյալի դեմ գումարային պահանջ և բողոք չներկայացնելու մասին' նրան զրկելով օգտվելու քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքից:

 

Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում: Կատարվում է նախաքննություն: