Քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը: Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի հ ատուկ ծառայություն իրականացնող անձը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Կարինե Շ.-ն գումարի մի մասը' 400 հազար ՀՀ դրամը, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, բաժնի մոտակայքում միջնորդի միջոցով փոխանցել է նրան և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած գումարն էլ փոխանցելու է հետագայում:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն: