Հայաստանում հուլիսի 1-ից նախատեսված աշխատավարձերի բարձրացումն ուղղված է լինելու աշխատող աղքատների խնդիրների լուծմանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «ՀՀ-ում հանրային ծառայության ոլորտում աշխատավարձերի միասնական համակարգի ներդրմամբ նախատեսվում է էապես բարձրացնել այդ ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը ևս նախատեսված է հուլիսի 1-ից, էապես ազդեցություն է ունենալու, որ ոչ պետական համակարգում ևս աշխատավարձերի բարձրացում տեղի ունենա»,-ասաց Ասատրյանը:
Խոսելով հանրապետությունում աղքատության ցուցանիշների մասին' նախարարը նշեց, որ դեռևս առկա են 2012 թվականի ցուցանիշները, իսկ 2013-ի տվյալները կլինեն այս տարեվերջին:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է աղքատության տվյալների աճի պատճառը' նախարարն ընդգծեց, որ դա կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2010 թ. ՀՀ-ում աղքատության ցուցանիշը կազմել է 35.8, 2011-ին՝ 35, իսկ 2012-ին՝ 32.4 տոկոս։
Միաժամանակ ՀՀ կառավարության նիստում Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման արդյունքում ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացող անձանց թիվը կրճատվել է հինգ անգամ՝ 68 հազարից դառնալով 12 հազար 800: Արտեմ Ասատրյանը վստահեցնում է, որ աշխատավարձերի բարձրացումն ուղղվելու է աղքատության նվազեցմանը: