ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:

 

Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ:

 

Մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը:

 

«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած Առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

 

Շնորհավորելով մրցանակակիրներին' վարչապետը կարևորել է նման մրցաշարերի անցկացումը: «Նման մրցաշարերը հասարակության մեջ ձևավորում են այնպիսի միտումներ, որոնք ծառայելու են ինտելեկտուալ կարողությունների ձևավորմանն ու տարածմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Միաժամանակ, կառավարության ղեկավարը մյուս պետական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների թիմերին ևս հրավիրել է մասնակցել այս մրցաշարին:

 

Այս տարի մրցաշարին մասնակցել են 22 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:

 

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպում են «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները' ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

 

Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում: