ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 20-ին հանդիպել է «Երիտասարդ առաջնորդների դպրոց» հասարակական կազմակերպության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

 

Ողջունելով հյուրերին' ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ այսօր բանակի մարտունակությունը գնահատում են նաև երիտասարդները: «Այցելելով զորամասեր' բանակը տեսնում եք ներսից, ոչ միայն մեր ներկայացնելով: Տեսնում եք, թե ինչ ահռելի, դժվարագույն խնդիրներ են այսօր իրականացնում մեր զինված ուժերը: Գտնում եմ, որ մեր համագործակցությունը պետք է շարունակենք: Այս հանդիպումը հնարավորություն կտա, որպեսզի զրուցենք մեր համագործակցության եզրերի ուղղությամբ, եթե կան որոշակի խնդիրներ' ա յդ խնդիրների շուրջ, և ընդգծենք հեռանկարները»:

 

Ծավալված քննարկումների ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է երիտասարդ առաջնորդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանային խնդիրներին, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, զորակոչի թափանցիկությանը, պաշտպանական բարեփոխումներին: Հանդիպումն ավարտվել է համագործակցության հետագա ուղղությունների հստակեցմամբ: