Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2012 թվականից մարտի 21-ին ողջ աշխարհում նշվում է Դաունի համախտանիշի օրը: 21 թիվը պատահական չի ընտրվել. 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը: Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգն ողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «Արբես» առողջության կենտրոններում, նաև մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»' բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում: Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդության խարանը և նման երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը, սակայն ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կնպաստեն հասարակության մեջ ա յս երեխաների լիարժեք ինտեգրմանը:

 

Դաունի համախտանիշի միջազգային օրվա 2014 թվականի խորհրդանիշը երեք զույգ գուլպաներն են' շերտավոր, գույնզգույն, որոնք նման են քրոմոսոմների: Նրանք, ովքեր ուզում եմ իրազեկման միջոցառումներ կազմակերպել, կարող են հագնել երեք զույգ գուլպա և բացատրել ինչու են դա անում: Անհրաժեշտ է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի նկատմամբ և բարելավել այն ունեցող երեխաների կյանքի որակը:

 

Դաունի համախտանիշով երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուսները, բայց նրանք լիովին սովորելու ունակ են, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ և զուգընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ նաև կարող են լուրջ ձեռքբերումների հասնել:

 

Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա է ծնվում Դաունի համախտանիշով: Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն: