Ընկերները, բարեկամները, հարազատներն ու պարզապես Արա Շիրազի արվեստը գնահատող մարդիկ վերջին անգամ հրաժեշտ տվեցին արվեստագետին: ՀՀ ժողովրդական նկարիչ, ականավոր քանդակագործ Արա Շիրազի վերջին հրաժեշտը տեղի ունեցավ մարտի 22-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում: Ներկաները տխրությամբ նշեցին, որ Շիրազի կորուստը համազգային է, որովհետև նա չափազանց կարևոր հետք է թողել հայկական մշակույթում:

 

«Այսօր չենք կարող չհավատալ, որ, այնուամենայնիվ, մեզնից հեռացած արվեստագետների փոխարեն գալիս է նոր սերունդ: Վստահ եմ, որ գալիս են, որովհետև մենք շատ տաղանդավոր երիտասարդություն ունենք: Շիրազի դիմաքանդակների հրաշալի շարքը յուրահատուկ է, յուրաքանչյուր մարդ իր սիրված գործն ունի: Ցավոք, այս տարի նման կորուստներ մենք շատ ունեցանք: Տարվա սկզբից մենք ամեն օր ասում ենք, որ կորուստ ենք ունեցել: Այս գարնանային օրը ցանկանում եմ հավատալ, որ մեզնից հեռացած արվեստագետներն իրենց ձևը թողեցին իրենց գործը շարունակող երիտասարդների մեջ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ընդգծեց, որ Արա Շիրազն իր սերնդի լավագույն արվեստագետներից մեկն էր: «Շիրազն ուներ աստվածատուր շնորհ: Կենդանի զգացողություն, սեր, շարժում. այս ամենը բնորոշ էին նրան: Արան մեծ էր, որովհետև նա ստեղծեց Պարույր Սևակի մի անգնահատելի դիմաքանդակ, որով նա նոր խոսք ասաց և սերունդներին ցույց տվեց, որ եթե արվեստի մեջ չկա կյանք, այն չի կարող երկար գոյություն ունենալ»,- նշեց Լևոն Թոքմաջյանը:

 

«Հեռանում են մեզնից մեր տաղանդաշատ մարդիկ: Հուսով ենք, որ նրանց տեղը դատարկ չի մնա և կգան նորերը, ովքեր կարժեքավորեն մեր մշակույթն այնպես, ինչպես կարողացավ Արա Շիրազն իր ստեղծագործություններով: Նման մարդիկ չեն հեռանում, մնում են մեր սրտերում: Նրանք հավերժ են»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

 

Արա Շիրազը ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի սերնդակիցն էր: «Մենք միասին ենք սովորում: Գնում էինք իրար տուն, արվեստանոց: Այն ժամանակ Արան ուներ արվեստանոց: Նայում էինք նրա քանդակներին, որոնք շշմեցուցիչ էին: Նա իր ծնողների արժանի զավակն էր: Ցավում ենք, որ այդքան շուտ մահացավ, դեռ շատ քանդակներ անկատար մնացին»,- հավելեց Գևորգյանցը:

 

Հրաժեշտի արարողությունից հետո հավաքվածները բարձր ծափերով ճանապարհեցին Շիրազին: ՀՀ ժողովրդական նկարչին հուղարկավորեցին Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր, ականավոր քանդակագործ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյան) ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երևանում' տաղանդավոր պոետներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր, 1987-1993թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ:

 

Արա Շիրազը 1960-ական թվականների ազգային մշակութային վերածննդի քանդակագործական արվեստի չափազանց հետաքրքիր անհատականություններից մեկն էր: Այդ շրջանի հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման, պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Արա Շիրազի մի շարք գործերում («Անտունի» (1969 թ., թուջ), «Ներբող» (1970 թ., թրծակավ), «Վահանով կինը» (1970 թ., դրվագված պղինձ, «Անի» հյուրանոց): Նրա աշխատանքները, տարբեր դիմաքանդակները ներկայանում են հայկական ճարտարապետական ձևերի, հայկական բարձրաքանդակի և 20-րդ դարի արձանագործության նորագույն լեզվի ներդաշնակ համադրությամբ' իրենց վրա գրավելով Հայաստան այցելող եվրոպացի և այլազգի խստապահանջ մասնագետների ուշադրությունը:

 

Արա Շիրազը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (1992թ., 1995թ. ԱՄՆ), աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Նրա լավագույն դիմաքանդակներից են «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջի ն» (2008թ.) և այլն: Երևան քաղաքի ուշագրավ ու խորհրդանշական կերտվածքներից է ականավոր պետական ու քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որը նա կերտել է նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ: Նրա «Սերգեյ Փարաջանով», «Երվանդ Քոչար», «Լևոն Ներսիսյան», «Պաբլո Պիկասո», «Վրույր Գալստյան» քանդակները աշխարհի ցանկացած արվեստի հրապարակում քննություն բռնող ստեղծագործություններ են:

 

Տարբեր վայրերում տեղադրված Արա Շիրազի ստեղծած դիմաքանդակները ժամանակաշրջանի ճաշակն ու էությունը ներկայացնող, քանդակագործական արվեստի նկատելի արտահայտություններից են: Արա Շիրազի գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

1977թ. Արա Շիրազն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: 1979թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ' Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղարության անդամ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման:

 

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը կյանքից հեռացել է մարտի 18-ին, կյանքի 73-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո: