Ազգային ժողովը քննարկում է Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման հետ կապված խնդիրների ուսումնասիրության հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որը ներկայացրել են ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները:

 

Հիմնական զեկուցողը'«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովի խնդիրներն են լինելու հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի, Երեւան քաղաքում ձեւավորված վճարովի ավտոկայանատեղ երի գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռի փոփոխության եւ նրանց շահերի պաշտպանության ներկայիս վիճակի ուսումնասիրությունը, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի տեղադրման, ինչպես նաեւ վճարովի ավտոկայանատեղերի սպասարկման գծով ՀՀ գերատեսչությունների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տնտեսավարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության ուսումնասիրությունը:

 

«Ուսումնասիրության առարկա կդառնան նաև Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեւարձի հնարավոր վերանայման օբյեկտիվ պատճառների առկայությունը, չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ պարտադիր ապահովագրության գծով կիրառված տուգանքների հետեւանքների գնահատման եւ դրանց վերանայման հնարավորությունները»,- ասաց Հակոբյանը:

 

Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերը դռնբաց են լինելու' բացառությամբ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) դրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը կամ Ազգային ժողովի կանոնակարգ' ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ու եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, հարցերի քննարկման ժամանակ որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես են գալիս հանձնաժողովի սահմանած անձինք:

 

Ներկայացնելով հանձնաժողովի լիազորությունները՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այն հնարավորություն կունենա իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից պահանջել հանձնաժողովի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները: «Հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ծանոթանալ իր առջեւ դրված խնդիրներին վերաբերող ցանկացած փաստաթղթի, այդ թվում՝ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, իր գործունեությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների եւ փորձագետների, իր աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների»,- ասաց Հակոբյանը:

 

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, ինչպես նաեւ խմբակցություններում չընդգրկված մեկ պատգամավոր' Ազգային ժողովի որոշմամբ: Խմբակցության անդամները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է դրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին: Հանձնաժողովը կազմավորված է հա մարվում դրա անդամների կեսից ավելիի նշանակման օրը: Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

 

Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին է ներկայացնում մինչեւ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ավարտը:Հանձնաժողովի գործունեությունը դադարում է դրա եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվելուց հետո կամ սույն որոշման 10-րդ մասով սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացնելու դեպքում, եթե Ազգային ժողովի որոշմամբ եզրակացության ներկայացման համար այլ ժամկետ չի սահմանվում:

 

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները բազմաթիվ անգամ անդրադարձել են վերը նշված հարցերին, սակայն ոչ մի հիմնավոր պատասխան չեն ստացել, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ խնդիրներն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Հիմնական զեկուցողը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը հնարավորություն կտա ստեղծել այս հանձնաժողովը և կօգնի ձեռնամուխ լինել խնդիրների ուսումնասիրությանը: