Twitter սոցիալական ցանցը Թուրքիայում արգելելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո մեկը մյուսի հետևից տարբեր կազմակերպություններ և անհատներ դատական գործեր են հարուցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վարչական դատարան առանձին-առանձին հայց են ներկայացրել Թուրքիայի իրավաբաններ ի միությունը, Անկարայի իրավաբանների միությունը, Թուրքիայի լրագրողական համայնքը, Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը:

 

Իրենց դատական հայցերում մեղադրող կողմի ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի դատարանը սոցիալական ցանցը փակելու վերաբերյալ որոշումը չեղյալ համարի:

 

Մարտի 20-ին ժամը 23:00-ի սահմաններում Թուրքիայում արգելափակվել է մուտքը Twitter սոիցալական ցանց: Նախքան այդ մասին հայտնի դառնալը, նախընտրական քարոզչության ժամանակ Բուրսայում ելույթ ունենալիս վարչապետ Էրդողանը հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, բոլորը հիմքից արմատախիլ ենք անելու: Մեզ չի հուզում, թե արտաքին աշխարհն այսպես կամ այնպես կասի»:

 

Արգելափակումից հետո Թուրքիան Չինաստանից հետո դարձել է երկրորդ երկիրը, որտեղ Twitter-ն արգելված է: Ներկայում Twitter-ում ամենաշատ կիրառվող հաշթագերից են դարձել #TwitterisblockedinTurkey, #DictatorErdogan, #TurkeyBlockedTwitter: