Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հայազգի լրագրող Մարգար Եսայանը նախազգուշական հայտարարություն է արել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար: Եսայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրություն է թողել ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին մեջլիսում ծեծի ենթարկելու վերաբերյալ:

 

«Թող անցած լինի, պարոն Քըլըչդարօղլու: Մեջլիսի անվտանգությունն էլ թող ուժեղացվի: Սա սադրանք էր, սակայն այս ուղերձը կարող է ուղղված լինել նաև Էրդողանի դեմ»,- գրել է Եսայանը: Հայազգի լրագրողի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Twitter-ի օգտատերերի շրջանում:

 

Թուրքիայում ապրիլի 8-ին ծեծել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Թուրքական ընդդիմության առաջնորդին ծեծել են այն ժամանակ, երբ նա փորձում էր անցնել խորհրդարանի նիստերի դահլիճ, որտեղ պետք է ելույթ ունենար: Նշվում է, որ ամբոխից դուրս եկած մարդը հանկարծակի սկսել է բռունցքներով հարվածել Քըլըչդարօղլուի դեմքին: ԺՀԿ կուսակցապետը վայր է ընկել, նրա ակնոցներն ընկել են գետնին եւ ջարդվել: Թիկնապահներն առաջնորդին անմիապես հեռացրել են դեպքի վայրից: Խորհրդարանի պահակային ոստիկանական ծառայության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին: