ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույն է հղել բարձր մակարդակի համաարաբական հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ իր երկիրը մտադիր է ամրապնդել գործընկերությունն Արաբական պետությունների լիգայի հետ (ԱՊԼ) խաղաղության ապահովմանն աջակցելու նպատակով: Մարտի 25-ին հաղորդել է Կրեմլի կայքը:

 

«Ռուսաստանը մտադիր է ամրապնդել գործընկերությունն ԱՊԼ-ի հետ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանն աջակցելու նպատակով: Այս առումով առանձնահատուկ ուշադրություն ենք նվիրում հակամարտությունների և ճգնաժամային իրադրությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ բոլոր երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգմամբ հանդերձ»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, ՌԴ-ի նախագահը հավաստել է ԱՊԼ-ի հետ գործընկերային կապերի ուժեղացման պատրաստակամությունն այն որոշումների ոգով, որոնք ընդունվել են 2013 թվականի փետրվարին' Մոսկվայում Ռուսաստան-ԱՊԼ համագործակցության համաժողովի առաջին նախարարական նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: