ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա: Պատգամավորները տեղում կծանոթանան Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին:

 

Նրանք մարտի 24-ին հայտարարություն էին տարածել Քեսաբի վրա Թուրքիայի կողմից օժանդակության ստացած հարձակման առնչությամբ' միջազգային հանրությունից պահանջելով դիտորդներ ուղարկել Քեսաբ:

 

«Մենք, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, տեղի ունեցածը գնահատելով ոչ թե որպես Սիրիայի կամ Թուրքիայի ներքին գործ, այլ, որպես մարդու իրավունքների զանգվածային խախտման արտառոց դեպք, խստորեն դատապարտում ենք թուրքական զինուժի գործողությունները, որն, ըստ էության, նոր մարտահրավեր է՝ ուղղված Ցեղասպանության հետևանքով Մերձավոր արևելքում ձևավորված հայ կական սփյուռքի դեմ: Կոչ ենք անում սիրիական ու թուրքական իշխանություններին անցկացնել տեղի ունեցած իրադարձությունների անաչառ հետաքննություն, իսկ միջազգային հանրությունից պահանջում ենք միանշանակ գնահատական տալ մարդու իրավունքների խախտման այս նողկալի դեպքերի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելով Քեսաբի հայաբնական տարածքներ՝ փաստաթղթավորելու տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը»,-նշել էին պատգամավորները:

 

Խաղաղ Քեսաբ ավանը' Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բոլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները' գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները:

 

Մի մասի բախտը չի բերել և գերեվարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարա րությամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: