Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ոչ իշխանական չորս ուժերի համախմբումից ակնկալիքներ չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան' նշեց Արամ Սարգսյանը: «Այդ ուժերից առնվազն երեքը եղել են իշխանության մեջ, և մենք տեսել ենք նրանց աշխատանքի պտուղները, ու այժմ նրանց համախմբումից շատ հույս չունենք: Բացի դրանից, չորս ուժերի համախմբման հիմքում գաղափարական հենք և ընդհանուր ծրագիր չկա»,- ասաց Արամ Սարգսյանը: Նրա խոսքով' քառյակի պահանջը' փոխել ՀՀ կառավարության կազմը, անիմաստ է, քանի որ քաղաքական մեծամասնության պարագայում նորից նույն քաղաքականությունն է շարունակվելու: «Այստեղ գնալու է ոչ թե համակարգ փոխելու խնդիր, այլ անձերի փոփոխության հարց»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում «Դեմ եմ» նախաձեռնությանը, քանի որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը իրենք համարում են արկածախնդիր քայլ:
Համագործակցության նպատակով հանդիպումներ են տեղի ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական քաղաքական ուժերի միջեւ: Մարտի 11-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Դրան հաջորդել է «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը: Մարտի 19-ին չորս ուժերը համաձայնության են եկել ապրիլի 28-ին ԱԺ որոշման նախագծով անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը: