Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը և Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հանդիպմանը պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու արատավոր հարձակումները Սիրիայի հայկական պատմական Քեսաբ ավանի վրա:

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ-ը եզակի պատասխանատվություն ունի պաշտպանելու Քեսաբի բնակիչներին, մանավանդ, որ նրանց գերակշռող մեծամասնությունն ընտանիքներ ունի Միացյալ Նահանգներում, ովքեր հուսահատ կերպով ձգտում են պաշտպանել և ապաստան գտնել նրանց համար:

 

Պատվիրակությունն ամերիկացի պաշտոնյաներին է ներկայացրել պահանջների ցուցակ' խնդելով հրապարակայնորեն դատապարտել թե′ «Ալ Քաիդային» առընթեր ահաբեկչական խմբի հարձակումները հայերի վրա, թե′ Թուրքիայի օժանդակությունն այդ հարձակումներին, տեղահանված բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար պահանջել անհապաղ դուրս բերել ծայրահեղականներին տարածքից, կոչ անել ապառազմականացնել Քեսաբի շրջակայքը' երաշխավորելով խաղաղ բնակչության հետագա անվտանգությունը, մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված քեսաբցիներին:

 

ԱՄՆ կառավարությանը նաև խնդրել են պահանջել Թուրքիայից, որ վերջինս թույլ չտա Քեսաբ ներխուժած զինյալներին ռազմական աջակցություն ստանալ իրենց դիրքերն ամրապնդելու համար, որ վերադառնան Թուրքիա, հետաքննել Թուրքիայի մատուցած օժանդակությունը Ալ Նուսրայի նման ահաբեկչական խմբավորումներին և հրապարակել հետաքննության արդունքները, միջոցներ ձեռնարկել դյուրացնելու հայերի վերադարձը իրենց տներ և, վերջապես, օգնել ԱՄՆ քաղաքացիներին իրենց ընտանքիների անդամների որոնողական աշխատանքներում և ապահովել վերջիններիս անվտանգությունը: