Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող ցրտահարություններին դիմակայելու համար Սյունիքի մարզում ձեռնարկվում են միջոցառումներ: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մարզի բոլոր համայնքներին արդեն իսկ գրավոր տեղյակ է պահվել առաջիկա ցրտահարությունների մասին եւ կոչ է արվել մարտի 30-ի եւ 31-ի գիշերը, անհրաժեշտության դեպքում նաեւ դրանց հ աջորդող օրերին, այգիներում, որտեղ հիմնականում ծաղկել են ծառերը, անպայման կիրառել ցրտահարության դեմ պայքարի ավանդական միջոցը' ծխեցնել ծառերը:

 

Ըստ վարչության պետի, մարզի գյուղատնտեսները, ոլորտի պատասխանատուներն ու մասնագետներն այդ օրերին կշրջեն համայնքներում, կաջակցեն գյուղացիներին: Վարչության պետը նշեց նաեւ, որ մարտի 29-ի առավոտից մարզի ողջ տարածքում սկսվել են տեղումներ' ձնախառն անձրեւի տեսքով, ինչը շատ օգտակար է այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար:

 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն' մարտի 31-ին և ապրիլի 1-ի գիշերը Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի անկում: Գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս այգիների հարևանությամբ պատրաստել այրվող նյութերի կույտեր և ցրտահարության գիշերը' ժամը 4-ից մինչև առավոտ այրել կույտերը' ապահովելով այգու կայուն ծխածածկույթ: Ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներում կարելի է կատարել առատ ոռոգում: Ծխահարությունների դեպքում հնարավոր է նույնիսկ 100 տոկոսանոց արդյունք ապահովել: