Սյունիքի մարզում սկսվել են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-31-ը հանրապետությունում անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքները: Այդ նպատակով նախատեսված հետագա աշխատանքների կազմակերպման համար հաշվառման նախապատրաստաման եւ անցկացման Սյունիքի մարզային հանձաժողովն օգոստոսի 6-ին հրավիրել էր ընդլայնված նիստ, որին մասնակցում էին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Սյունիքի փոխմարզպետ Աշոտ Մարդյանը, վիճակագրական ծառայության մարզային կառույցի աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ:
Կառավարության որոշմամբ մարզային հանձնաժողովի նախագահը Սյունիքի մարզպետն է, իսկ տեղակալը' վիճակագրական ծառայության մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանը: Նիստի օրակարգը բաղկացած էր 4 հարցից' գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը եւ կարեւորությունը, հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, մարզային հանձնաժողովի եւ համայնքի ղեկավարների կողմից ցուցաբերվելիք օժանդա կության մասին:
Իր խոսքում Ստ. Մնացականյանը նշեց, որ չնայած ցանկացած երկրի համար գյուղատնտեսական համատարած հաշվառումը խաղաղ պայմաններում համապետական երկրորդ խոշոր միջոցառումն է մարդահամարից հետո, սակայն այն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Ըստ նրա, դրա գլխավոր նպատակը գյուղատնտեսության կարողությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն է, որը զուտ վիճակագրական նպատակներ ունի եւ ոչ թե վարչական: Հավաքագրված տեղեկատվությունը օգտագործվելու է խմբավորված ձեւով եւ ոչ անվանական, ինչը ապահովելու է դրա գաղտնիությունը: Ազգային վիճակագ րական ծառայության նախագահը, խոսելով հաշվառման ընթացքի մասին, նշեց, որ այն իրականցվելու է 3 փուլով. 1-ին' նախապատրաստական, 2-րդ' համատարած հաշվառում եւ 3-րդ' փաստաթղթերի ընդունում եւ տեղեկատվության մշակում:
Այդ գործում նա կարեւորեց համայնքների ղեկավարների դերը, ովքեր պետք է աջակցեն աշխատանքներին: Մասնավորապես, պետք է ներկայացնեն հաշվարարների թեկնածուներ, տրամադրեն աշխատասենյակներ' 3-4 ամիս տեւողությամբ' գյուղապետարանների, մանկապարտեզների, դպրոցների կամ այլ հանրային բնույթի շենքերի տարածքներում, ապահովեն փողոցների անվանատախտակների, շենքերի, շինությունների համարանիշերի առկայությունը եւ այլն:
Ընդհանուր առմամբ, Սյունիքում գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակով ժամանակավոր աշխատանքով' 1-3 ամիս, կապահովվի 273 մարդ, որոնցից միայն 218-ը կլինեն հաշվարարներ:
Ներկայացնելով իրականացվելիք աշխատանքների մեթոդները, համայնքի ղեկավարների անելիքները, Ստ. Մնացականյանը պատասխանեց նաեւ նիստի մասնակիցների հարցերին:
Գոհար Իսախանյան