Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' օրակարգում առկա երեք հարցերին անդրադարաձավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:
Բանախոսը, մանրամասնելով գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակներն ու կարեւորությունը, նշեց, որ պետական կարեւոր այս միջոցառման նպատակը հանրապետության գյուղատնտեսության ողջ ներուժի հստակեցումն է, որից ելնելով էլ պետք է կազմվեն գյուղատնտեսության զարգացման հետագա ծրագրերը:
Օրակարգի երկրորդ մասով ներկայացվեց հաշվառման աշխատանքների նախապատրաստման ու անցկացման ընթացքը, որը ենթադրում է մի քանի փուլ' նախապատրաստական աշխատանքներ, հաշվառման անցկացում, փաստաթղթերի ընդունում-հանձնում եւ հավաքագրված տեղեկատվության մշակում: Անդրադարձ կատարվեց նաեւ գործընթացի իրականացման մեթոդներին:
Երրորդ հարցը վերաբերում էր մարզային հանձնաժողովի եւ համայնքների կողմից ցուցաբերվող օժանդակությանը, որով ներկայացվեց գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամանակավոր անձնակազմը եւ անդրադարձ կատարվեց գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների կամ հանրային բնույթի այլ շենքերում ժամանակավոր՝ մինչեւ 3 (հրահանգչական տեղամասերի համար) եւ 4 (հաշվառման տեղամասերի համար) ամսով տարածք տրամադրելու հարցին:
Ստեփան Մնացականյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցներով վարձվելու են 4235 հաշվարար, որից 539-ը ներկայացնելու են Գեղարքունիքի մարզը:
«Մեր նպատակն է' հաշվառման արդյուքում իրական պատկեր ստանալը, որը կնպաստի երկրի ճիշտ կառավարմանը, իսկ կառավարման արվեստը ազնիվ լինելու արվեստն է»,-, -եզրափակեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան