Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը նպաստել է զինված ահաբեկիչների մուտքին Լաթաքիայի Քեսաբ շրջան՝ ոտնահարելով միջազգային նորմերը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին սիրիական հեռուստատեսությամբ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին՝ ավելացնելով, որ այն, ինչ կատարել է Էրդողանի կառավարությունը, ոչ միայն Քեսաբի և Լաթաքիայի հյուսիսի, այլև բոլոր սահմանամերձ շրջանների իրավունքների խախտում է: Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ Էրդողանն իր գաղափարախոսությամբ, ինչպես նաև թուրքական կառավարությունը կապված են միջազգային ահաբեկչության հետ ինչպես Լիբիայում, այնպես էլ Թունիսում և այժմ նաև'Եգիպտոսում:

 

Նա նաև նշել է, որ Լաթաքիայում այժմ կռվող զինյալները սիրիացիներ չեն և ոչ էլ սիրիական ընդդիմության անդամներ: Նրանք օտարազգի ահաբեկչական խմբավորումների անդամներ են, որոնց կազմում հիմնականում սաուդացիներ, աֆղացնիներ, լիբիացիներ և չեչեններ են:

 

Զինված խմբավորումները մարտի 21-ին հարձակվել են Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբի շրջանի վրա: Սիրիական բանակը փորձում է վերահսկողություն հաստատել զինյալների ձեռքում գտնվող շրջանների վրա: