Հայաստանում վարկերի տոկոսադրույքները կրկին աճի միտում են դրսևորում։ Եթե տարեսկզբին ֆինանսական շուկայում վարկային տոկոսադրույքները միջինը կազմում էին 15.91 տոկոս, ապա այժմ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը միջինը կազմում է 17.08 տոկոս։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տոկոսադրույքների աճի նման միտումը պայմանավորեց մի քանի հանգամանքով, որոնցից առաջնայինը վարկերի նկատմամբ պահանջարկի ավելացումն է։ «Պետք է հաշվի առնենք նաև այն, որ բանկային համակարգում ավելացել է ավանդների մասնաբաժինը, որը ևս հավելյալ ռեսուրսներ է ապահովում բանկերի համար։ Սակայն, ի տարբերություն արտաքին ֆինանսավորման աղբյուրներից ձեռք բերված միջոցների, որոնք ավելի էժան են, ներքին աղբյուրների ֆինանասվորման դեպքում ենթադրվում են ավելի բարձր տոկոսադրույքներ, որն էլ իր հերթին ազդում է վարկերի տոկոսադրույքների աճի վրա»,-ասաց Մանասերյանը։

 

Վարկերի նկատմամբ պահանջարկի բարձրացումը, սակայն, նա չպայմանավորեց միայն տնտեսության աճով։ «Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, վարկային տոկոսադրույքներն անմիջականորեն պայմանավորված են Լոնդոնի վերաֆինանսավորման տոկոսադրույքով (Լիբոր), որը հիմք է ընդունվում տոկոսադրույքները սահմանելիս։ Դրա բարձրացումը բերում է նաև տեղի առևտրային բանկերի կողմից տոկոսադրույքների ավելացման»,-ասաց Մանասերյանը։ Նա հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը վերջերս անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հետևաբար առևտային բանկերի կողմից վարկային տոկոսադրույքների բարձրացումը չի կարող պայմանավորված լինել դրանով։ «Կարծում եմ' բանկերը պետք է ավելի զուսպ լինեն շահույթների ստացման տեսանկյունից, քանի որ շրջապտույտից ստացված շահույթը կարող է ավելի մեծ լինել, քան մի քանի վարկատուներից ստացված միջոցները»,-ասաց նա։

 

2014թ. փետրվարի վերջին բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է 806,8 մլրդ դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 15 596 մլն դրամով կամ 2.0 տոկոսով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել 139,3 մլրդ դրամով կամ 20.9 տոկոսով:

 

Հայաստանում վարկերի տոկոսադրույքները 2013 թ. ցուցաբերել էին նվազման միտում՝ տարեվերջին կազմելով 15.04 տոկոս։ 2013 թ. առաջին եռամսյակի ավարտին միջին տոկոսադրույքը կազմում էր 17.08 տոկոս, երկրորդ եռամսյակի ավարտին՝ 16.73 տոկոս, երրորդ եռամսյակի ավարտին՝ 15.80 տոկոս։