Հայաստանյան բանկերում վարկերի տոկոսադրույքները փետրվարին բարձրացել են շուրջ 2 տոկոսով և կազմել միջինում 18.71 տոկոս' հունվարի 16.77 տոկոսի փոխարեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ավանդների տոկոսադր ույքները ևս բարձրացել են:
Եթե հունվարին բանկերն ավանդներ էին ներգրավում միջինում 12.06 տոկոսով, ապա փետրվարին միջին տոկոսադրույքը կազմել է 13.99: Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործառնությունների տոկոսադրույքները ևս փետրվարին բարձրացվել են 1 տոկոսային կետով և սահմանվել 10.50 տոկոս:
Փետրվարի վերջի դրությամբ առևտրային բանկերի տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 83 մլրդ 843 մլն դրամ: Դրանց կազմում երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 129 մլրդ 529 մլն, իսկ ժամկետնանց վարկերինը' 37 մլրդ 525 մլն դրամ: