Աֆղանստանում սկսվել են «լռության երկու օրերը» ապրիլի 5-ին նշանակված նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ: Արգելված են քարոզչական բնույթի բոլոր ակցիաները, ավարտված Է պետության ղեկավարի պաշտոնի բոլոր հավակնորդների նախընտրական արշավը:

 

Նախագահի պաշտոնի ութ թեկնածուներն իրենց կողմնակիցների առջեւ եզրափակիչ ճառերով հանդես են եկել ապրիլի 2-ին: Ուշադրության կենտրոնում Էին մինչեւ 2014 թվականի վերջը օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո երկրում անվտանգության ապահովումը, ներքին զինված հակամարտության դադարեցումը, տնտեսական հետամնացության հաղթահարումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ Աֆղանստանի մյուս հանգուցային հարցերը:

 

Աֆղանցի եւ օտարերկրյա դիտորդների կարծիքով՝ պետության բարձրագույն պաշտոնի ութ հավակնորդներից հաջողության հասնելու իրական շանսեր ունեն միայն երեքը: Նրանք են՝ հանրապետության արտաքին գործերի նախկին նախարարներ Զալմայ Ռասուլը եւ Աբդուլլա Աբդուլլան եւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: Նրանք քաջ հայտնի են ինչպես բուն Աֆղանստանում, այնպես Էլ արտասահմանում, քանի որ երկար ժամանակ առաջատար դիրքեր են զբաղեցրել ներկայիս նախագահ Համիդ Քարզայի տարբեր կաբինետներում: Նախագահն ինքը, ըստ Սահմանադրության, իրավունք չունի իր թեկնածոթյունն առաջադրել երրորդ ժամկետով:

 

Ապրիլի 2-ին ամերիկյան CNN հեռուստաընկերության կողմից հրապարակված հարցազրույցում երեք ֆավորիտները հայտարարել են, որ առաջիկա ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում պատրաստ են ԱՄՆ-ի հետ ստորագրել անվտանգության համաձայնագիրը, որը թույլ կտա շարունակել ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջեւ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Քարզայը հրաժարվում Էր ստորագրել այդ փաստաթուղթը, որը, ինչպես ենթադրվում Է, թույլ կտա համաձայնեցնել իրավական այն հարցերը, որոնք վերաբերում են հանրապետությունում ամերիկյան ուժերի հետագա ներկայու թյանը, նրանց կողմից մարտական գործողությունների անցկացմանը եւ անվտանգության ազգային ուժերի պատրաստմանը:

 

Աֆղանստանում ձայնի իրավունք ունի շուրջ 12 միլիոն քաղաքացի: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրադրությունը՝ ընտրությունները կայացած կճանաչվեն ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում: Ձայների հաշվումը կսկսվի ապրիլի 6-ին եւ կտեւի երկու շաբաթ՝ մինչեւ ամսի 20-ը: Նախնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 24-ին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: