Հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության հիմքը դրվեց ուղիղ 22 տարի առաջ հենց այս օրը: 1992թ. ապրիլի 3-ին երկու երկրների միջև հաստատվեց դիվանագիտական հարաբերությունը ինչը հիմք ծառայեց հետագա հարաբերությունների զարգացման համար: ՀՀ-ՌԴ հարաբերությունների հաստատման օրը հիշատակել է նաև ՌԴ ԱԳ նախարարությունը' թվիթերյան իր էջում հրապարակելով երկկողմ հարաբերությունների նկարագիրը: Մի շարք ուշագրավ փաստեր և վիճակագրական տվյալներ երկու երկրների հարաբերությունների առնչությամբ:
Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և ստեղծված են, ոչ միայն բարեկամական, այլև' ռազմական, քաղաքական, տնտեսական ու էներգետիկ համագործակցության հիմքի վրա: Վերջին 17 տարիներին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքվել են քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտների հարաբերությունները կարգավորող ավելի քան 170 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Չկա որևէ ոլորտ, որտեղ հայ-ռուսական հարաբերություններում հստակեցում և զարգացում չլինի:
Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմական դաշնակիցն է: Դա է վկայում Հայաստանի անդամակցությունն ՀԱՊԿ-ին, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն ու դրա գործունեության երկարաձգումն ավելի քան քառասուն տարով: Արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Հայաստանն ամենաբարձր մակարդակով բազմիցս կարևորել է այն դերն ու գործունեությունը, որ իրականացնում է Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում' որպես միջնորդ նպաստելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմ ան գործընթացըին:
Էներգետիկ ոլորտում նույնպես հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Դա է ապացուցում նաև այն փաստը, որ Ռուսաստանն ամենացածր սակագներով է գազ վաճառում Հայաստանին: Սրանք այն կարևորագույն ոլորտներն են, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար: Արդյունավետ կարելի է անվանել նաև ներդրումային համագործակցությունը: ՀՀ-ում Ռուսաստանի ներդրումների ծավալը տարեցտարի ավելանում է և 2012թ. դրությամբ այն կազմել է ավելի քան 2.9 միլիարդ ԱՄՆ դոլար: Հայաստանում գործում է ռուսական կապիտալի մասնաբաժնով 1300 ընկերություն:
Հարաբերությունները զարգանում են նաև կրթության և մշակույթի ոլորտներում: Երկու երկրներում պարբերաբար անցկացվում են փառատոններ, երկրների մշակութային օրեր, ֆիլմերի ցուցադրություն և այլն:
Հայ-ռուսական հարաբերությունների խորացման նոր փուլը սկսվեց 2013թ. սեպտեմբերի 3-ից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Ըստ տնտեսագետների և վերլուծաբանների, Մաքսային միության կազմում հատկապես կսերտանա առևտրատնտեսական հարաբերությունները: Հայկական ապրանքատեսակները պահանջված են Մաքսային միության և հատկապես ռուսական շուկայում, իսկ Հայաստանի համար կբացվի 170 միլիոնանոց հսկայական շուկան: Հայաստանը նախատեսում է մայիսին ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն երկրի միանալու պայմանագիրը, որով հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ՄՄ անդամ: