Տիգրան Սարգսյանի կառավարությունը կմնա Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ որպես կառավարություն, որը վեց տարի շարունակ իր վրա է վերցրել ֆինանսական-տնտեսական, համաշխարհային, տեղական, տարածաշրջանային և ազգային տարաբնույթ մարտահրավերներ չեզոքացնելու և դրանց միջով երկիրն առաջ տանելու բեռն ու պարտականությունը: Նման համոզմունք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում: «Բնականաբար, այդ ընթացքում կառավարությունները պետք է ունենան որոշակի քաղաքական իմիջային կորուստներ, որովհետև ցանկացած խնդրահարույց ժամանակահատվածում, որոշումները չեն կարող ընդունելի լինել բոլորի համար»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

 

Կառավարությունները հավերժ չեն, գալիս են քաղաքական համապատասխան զարգացումներով և օրակարգով ու հեռանում, որպեսզի ապահովեն նոր զարգացումներ: Տարբեր երկրներում, վերջին երկու ամսվա ընթացքում տեղի են ունեցել կառավարության փոփոխություններ' Իտալիայում, Ֆրանսիայում, Ղազախստանում: Դրանից անմասն չմնաց նաև Հայաստանը: «Ամեն կառավարության վերջը նոր քաղաքական զարգացումների սկիզբն է, և ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ ժամանակավոր պաշտոնականատար նախարար գործընկերները որևէ տեսակի անձնական ողբերգություն կամ խնդիր այս քաղաքական զարգացումների մեջ չեն տեսնում»,- նշեց Աշոտյանը' շեշտելով, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն է որոշում երկրի քաղաքական ռիթմը: «Այն, ինչ կատարվեց երեկ, ի չիք դարձրեց բազմաթիվ սցենարներ, որոնք մեր գործընկերները մշակում էին: Սա նշանակում է, որ իրենք պետք սկսեն զրոյից' մեզ հետ կամ իրար հետ' կախված է բացառապես նրանից, թե ինչ արժեհամակարգի և օրակարգի շուրջ մենք կարող ենք խոսել համագործակցության մասին»,- իր դիրքորոշումը հայտնեց ԿԳ նախարարը' հավելելով, որ ոչ իշխանական խմբակցություններից առնվազն երկուսի' Հայ հեղափոխական դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրենք եղել են ավանդական գործընկերներ, իսկ Հայ ազգային կոնգրեսը և «Ժառագությունը» երբեք իշխանության մեջ չեն եղել:

 

«Այս լարային քառյակը միշտ չէ, որ սինքրոն է նվագում և միշտ չէ, որ կարողանում է իրականում համապատասխան տակտով և ռիթմով շարժվել: Որովհետև յուրաքանչյուր գործիք կամ կատարող այդ քառյակի մեջ ուներ սեփական ձայնն առավել բարձր, լսելի դարձնելու խնդիր»,- պարզաբանեց ՀՀԿ նախագահի տեղակալը:

 

Նա հիշեցրեց, որ իրենք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ քաղաքական համագործակցության դաշտը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, և որևէ արհեստական անջրպետ, տարբեր տեսակի քաղաքական ուժերի միջև գոյություն չունի ու չի կարող ունենալ, այն դեպքում, եթե այդ ուժերի իրական ազնիվ նպատակը երկրի զարգացումն է: «Ես անկեղծ պետք է ասեմ, որ ինձ համար սպասելի չէր երեկ ազդարարված որոշումը, բայց ինձ համար սպասելի էր, որ քաղաքական փոփոխությունները պետք է բացառապես որոշվեն Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից: Սա նշանակում է, որ որոշակի հաշվարկներ կամ կանխատեսումներ կարող է և չարդարացան շատ վերլուծաբանների կողմից, բայց ռազմավարական առումով այս տեսակի զագացումները խիստ կանխատեսելի են, որովհետև տեղավորվում են Հայաստանի հանրապետական կուսակցության որպես երկրի առաջատար քաղաքական ուժ լինելու հանգամանքի շրջանակում»,- ասաց Աշոտյանը:

 

Նրա խոսքով' ձևավորված քաղաքական մանդատը, որն ունի ՀՀԿ-ն մինչև 2017 թվականը խորհրդարանում և մինչև 2018 թվականը որպես երկրի նախագահի գլխավորած քաղաքական ուժ, նշանակում է, որ Հանրապետական կուսակցության հետ համագործակցող քաղաքական ուժերը կարող են մասնակից դառնալ որոշումների կայացմանը: «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք մենք պատրաստ կլինենք աշխատել այլ քաղաքական ուժերի հետ, ապա դա բացառապես կախված է նրանից, թե ինչ «սրտով» են նրանք ուզում մեզ հետ համագործակցել: Եթե նպատակը ինչ-որ պաշտոն ստանալն է' անձնական-քաղաքական շահն առաջ տանելը, բնականաբար, երկխոսության դաշտը խիստ նեղանում է: Եթե նպատակը երկրի հետագա զարգացման ծրագրերի շուրջ համախմբվելն է և ռազմավարության, Հայաստանի տեսլականի մշակումն է որպես ընդհանուր արժեհամակարգային, սոցիալ-տնտեսական հումանիտար և այլ տեսակի երևույթ, ապա այստեղ երկխոսության դաշտը շատ ավելի լայն է»,- ասաց նախարարը' ավելացնելով, որ իրեն հաճախ հարցնում են' արդյոք իրեն պատկերացնում է հաջորդ կառավարության մեջ, ինքը հստակ պատասխան է տալիս, որ կրկնում, որ ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ է:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: