Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից անմիջապես հետո, որում հաղթանակել է նրա գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Բաքու կատարած մեկօրյա աշխատանքային այցի ժամանակ երկու երկրների միջեւ հարաբերություններին «վտանգ սպառնող»' իսլամի նուրսիստների աղանդի ադրբեջանցի հետեւորդների գաղտնի ցուցակ է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Թաքվիմ» թերթը:
Էրդողանի ներկայացրած «դոսյե»-ում նշված են երկու երկրների միջեւ հայտնի նախագծերին ենթադրաբար խոչընդոտներ ստեղծող անձանց անունները եւ նրանց դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը:
Թերթը հայտնել է, որ Էրդողանի եւ Ալիեւի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում եւ Ադրբեջանում «պետության ներսում պետություն ստեղծել» ցանկացողների դեմ համատեղ պայքար տանելու հարցում:
Քաղաքագետները Էրդողանի' առողջական խնդիրների հետ կապված բուժումը կիսատ թողնելով, մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո Բաքու կատարած այցի պատճառը կապում են Թուրքիայի եւ Ադրբեջանի «ռազմավարական ծրագրերի անհետաձգելի քննարկումների» հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները եւս հաստատել են, որ Էրդողանի շտապ Բաքու կատարած այցի գլխավոր նպատակը արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած նուրսիստների «Հիզմեթ» շարժման ենթադրյալ անդամների ցուցակը Ալիեւին հանձնել է եղել: Նշվում է, որ սեփական երկրում նուրսիստների գործունեությունից վախեցած թուրք վարչապետը Ալիեւից պահանջել է շտապ կերպով «լուծել» ցուցակում նշված ադրբեջանցի նուրսիստների «հարցերը»:
Ուշագրավ է, որ Էրդողանի Բաքու կատարած այցի օրը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքից ազատել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Մուստաֆա Սունգուրին, ով, ըստ թուրքական մամուլի' Ֆեթուլլահ Գյուլենի «գլխավոր մարդկանցից» մեկն է թուրքական ԱԳՆ-ում: Մուստաֆա Սունգուրը մեղավոր է համարվում թուրքական ԱԳՆ-ում եղած որոշակի փաստաթղթեր Գյուլենի ցանցին փոխանցելու մեջ:
Հետաքրքիր է, որ Էրդողանի Բաքու այցից առաջ Ալիեւը աշխատանքից ազատել էր իր աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավար Էլնուր Ասլանովին, ով եւս կասկածվում է նուրսիստների հետ կապեր ունենալու մեջ:
«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր մտնում կամ կապեր ունեն նուրսիստների կրոնական աղանդի հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի նախագահ Էլշդ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: