ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի' մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները' մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է' երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը: Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն: Եղեք սիրված և միշտ ժպտացեք»: