Հայ արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը շնորհավորական ուղերձ են հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Ավարտվեց պաշտոնական տոնի մեկամսյակը, սակայն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի ու կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր: Հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերական կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է:

 

Հայ իգական սեռը ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել Հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայ տեսակն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ:

 

Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեծ տան՝ Հայոց հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

 

Եվ թող հայ կինը նախ եւ առաջ վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական արմատ եւ ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով: Քանզի միայն լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին տեսակն է սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական ու ազգային նպատակների: Թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական շառավիղի:

 

Հայ կանանց մաղթում ենք Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությանը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին: Եվ թող հայ արական ակունքը դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման, զավակների ու օջախների շենացման, հայի գոյության եւ առաքելության հաղթանակի, Հայքի ամբողջականացման ու հզորացման»: