Թուրքիայում մարտի վերջին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հասարակության ուշադրությունը սեւեռվել է օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Նախագահ Աբդուլլահ Գյուլի ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ նրա ու վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ պաշտոնները փոխանակելու հետ կապված քննարկվում է այսպես կոչված «Բայբուրթի բանաձեւը»:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ավելի վաղ քննարկվում էր նախագահական ընտրությունները Թուրքիայում խորհրդարական ընտրությունների հետ միավորելու կամ էլ նախագահական ընտրություններից հետո 2014-ի նոյեմբերին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը: Սակայն Էրդողանը հանդես է եկել վաղաժամկետ ընտրություններ անցկացվելու դեմ, որից հետո օրակարգ է մտցվել «Բայբուրթի բանաձեւը»:
Ըստ այդ բանաձեւի, Էրդողանը կառաջադրվի նախագահի թեկնածու եւ օգոստոսին կընտրվի Թուրքիայի նախագահ: Դրանից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ վարչապետի աթոռները թափուր կմնան: Նախագահ Գյուլը կվերադառնա ակտիվ քաղաքականություն եւ կուսակցության արտահերթ համագումարում կընտրվի ԱԶԿ առաջնորդ: Սակայն Գյուլի' վարչապետի պաշտոնը ստանձնելու համար նրա պատգամավոր լինելը սահմանադրական պայման է, ինչի պատճառով մինչեւ 2015 թ. հունիսի խորհրդարանական ընտրությունները Գյուլը վարչապետ չի կարող դառնալ: Այդ հարցը եւս լուծելու համար Բայբուրթից ընտրված ԱԶԿ պատգամավոր Բունյամին Օզբեքը հրաժարական կտա, եւ Գյուլն այդ քաղաքից կընտրվի պատգամավոր: Այսպիսով, Գյուլի նախագահական ժամկետի ավարտից 4 ամիս հետո նա կստանձնի Թուրքիայի վարչապետի պաշտոնը եւ նոր կառավարություն կձեւավորի: Իսկ մինչ այդ Թուրքիայի վարչապետի պաշտոնը ժամանակավորապես կկատարի ներկայիս փոխվարչապետներից մեկը:
Թուրքական տարբեր ԶԼՄ-ներ հիշեցնում են, որ 2002-ին նույն մարտավարությունը կիրառվել էր Էրդողանին պատգամավոր ընտրելու, այնուհետեւ վարչապետ նշանակելու համար: Էրդողանի առաջադրվելու համար հրաժարական էր տվել ԱԶԿ-ի' Սիիրթից ընտրված մի պատգամավոր, ինչի շնորհիվ Էրդողանը մտավ խորհրդարան եւ նշանակվեց կառավարության ղեկավար:
Թուրքական մամուլում համառորեն շրջանառվող լուրերի համաձայն' 2014 թ. օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում ԱԶԿ-ն նախագահի թեկնածու է առաջադրելու Էրդողանին, ով 51 տոկոս ձայներ ապահովելով' ընտրվելու է Թուրքիայի նախագահ, իսկ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը Էրդողանին փոխարինելու է ԱԶԿ-ի առաջնորդի եւ վարչապետի պաշտոններում: