Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որտեղ սիրիական կառավարությանը մեղադրել է Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլը գավառում 2013 թ. տեղի ունեցած պայթյուններն իրականացնելու համար: Նման հայտարարությամբ երկրի արտաքին գերատեսչությունը, փաստորեն, հերքել է ԵԱՀԿ-ում Թուրքիայի մշտական դեսպանի' Թաջան Իլդեմի հայտարարությունը, որտեղ վերջինս համոզմունք էր հայտնել, որ դեպքերի պատասխանատուն Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումն է: Այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ն: Թուրքիայի ԱԳՆ նոր հայտարարության համաձայն, կատարված ահաբեկչական գործողության ողջ պատասխանատվությունն ընկած է Սիրիայի իշխանությունների վրա:

 

2013 թ. մայիսի 11-ի կեսօրին մոտ Ռեյհանլըի քաղաքապետարանի շենքի առաջ չորս պայթյուն է տեղի ունեցել: Պայթել են երկու ականապատված ավտոմեքենա: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել էր թուրքական «Աջիլջիլեր» կազմակերպությունը: Ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված բոլոր 13 անձինք Թուրքիայի քաղաքացիներ են: Պայթյուններն իրագործվել էին հեռակառավարվող սարքերի միջոցով: Պայթյունների հետեւանքով, բացի մարդկային կորստից, մեծ վնաս են կրել 452 աշխատատեղեր, 62 ավտոմեքենա, 304 բնակարան եւ տուն: Թուրքական կողմը հայտարարել է, որ Թուրքիայում գործող «Աջիլջիլեր» ահաբեկչական կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Սիրիայի գաղտնի ծառայությունների հետ կապ ունեցող «Ալ Մուհաբերաթ» կազմակերպության հետ, եւ որ ահաբեկչական գործողության նպատակը Թուրքիայում կայունության խախտումն է: «Աջիլջիլեր» կազմակերպության ղեկավար Միհրաչ Ուրալը համացանցում հայտարարել է, որ Թուրքիայում իրագործված գործողությունն ուղղված է Սիրիայի վարչակազմի դեմ կռվող ընդդիմադիր ուժերի դեմ:

 

Սակայն Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ Զուբին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ սահմանում Ռեյհանլը քաղաքում տասնյակ մարդկանց մահվան եւ 100-ից ավելի մարդկանց վիրավորվելու պատճառ դարձած հարձակումների համար Դամասկոսը որեւէ պատասխանատվություն չի կրում: Նա ասել է, որ ոչ ոք իրավունք չունի սխալ մեղադրանքներ հայտնել, քանի որ այդ ռմբահարումները ոչ մի կերպ չունեն Սիրիայի կառավարության հետ: