Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի շտապում անուններ նշել, թե ով կդառնա ՀՀ հաջորդ վարչապետը: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ չի ցանկանում կանխատեսումներ անել և նախընտրում է սպասել իրադարձությունների զարգացմանը: «Ուղղակի հարկավոր է հետևել, թե ինչպես կընթանան խորհրդակցությունները հանրապետության Նախագահի և Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների միջև, ինչից հետո էլ արդեն Նախագահը կնշանակի նոր վարչապետին»,- ասաց Սարգսյանը:

 

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ճիշտ չի համարում հրապարակումները, որոնք կանխատեսում են այս կամ այն անձի վարչապետ նշանակվելը: Անդրադառնալով լուրերին, թե վարչապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արամ Սարգսյանն ընդգծեց, որ նա այդ հնարավորություններն ունի, սակայն ինքըչի կարող ասել՝ կլինի՞ նա հաջորդ վարչապետը, թե ոչ:

 

Հարցին, թե կկարողանա՞ Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատել վարչապետի պաշտոնում, Սարգսյանը պատասխանեց, որ չի ցանկանում գնահատականներ հնչեցնել որևէ անձի աշխատանքի վերաբերյալ, երբ այդ աշխատանքը դեռ չկա: «Ես նրա աշխատանքի գնահատականը կարող եմ տալ միայն այն բանից հետո, երբ կտեսնեմ այդ աշխատանքը»,- ասաց նա:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝&nbsp ;ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել' մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո' քսանօրյա ժամկետում: