Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապ չուներ ոչ իշխանական ուժերի համագործակցության հետ: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունքն էր: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու նրանք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը հետաձգեցին մինչև ապրիլի 28-ը, եթե կարելի էր դա ավելի շուտ անել»,- նշեց Սարգսյանը:
Նա նշեց, որ «քառյակը» կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում սխալվել է՝ այդքան ձգձգելով գործընթացը, իսկ սխալ գործողությունները չեն կարող վարչապետի հրաժարականի առիթ հանդիսանալ: Սարգսյանի համոզմամբ, Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշման հետ:
Հարցին, թե կշարունակի՞ «քառյակը» համագործակցությունը, Արամ Սարգսյանը դժվարացավ միանշանակ պատասխան տալ: «Նրանց միասնական օրակարգում կառավարության հրաժարականի հարցն է, ինչն արդեն եղավ: Հիմա եթե նրանք նոր նախաձեռնություն մշակեն և կրկին համատեղ օրակարգով հանդես գան, կշարունակվի, սակայն ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի»,- ասաց նա: