ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված էր ներքին խնդիրների հետ: Հայաստանում պաշտոնյաներ նշանակելու հարցում արտաքին ճնշումը բացառվում է: Ապրիլի 8-ին հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Հրաժարականը բացառապես պայմանավորված է ներքին խնդիրներով, արտաքին որևէ խնդիր գոյություն չունի»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ արտաքին գործոնը Հայաստանում մեծ դերակատարությ ուն ունենալ չի կարող:

 

Նա բացառեց Հայաստանի վրա արտաքին ճնշումը որևէ պաշտոնյայի նշանակելու կամ աշխատանքից ազատելու հարցում: Կուսակցապետի կարծիքով, վարչապետի աթոռին անձերը քիչ բան են որոշելու, կարևորը թիմն է: Նրա համոզմամբ, հանրապետության ղեկավարը շահագրգռված է ունենալ ուժեղ կառավարություն, քանի որ դրա գործունեությունից է նաև կախված իր վարկանիշը: Իսագուլյանը նշեց, որ վարչապետի հրաժարականի հարցը վաղուց բարձրացվել, քննարկվել է 1 տարի առաջ, 6 ամիս առաջ և այլն: Բացի այդ, նա հիշեցրեց ՀՀ նախագահի հանձնարարականը 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում Կառավարության հրաժարականի վերաբերյալ:

 

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանի հրաժարականի դիմումը: Նույն օրը երեկոյան Տիգրան Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել'մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:

 

Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն' ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում: