ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված էր ներքին խնդիրների հետ: Հայաստանում պաշտոնյաներ նշանակելու հարցում արտաքին ճնշումը բացառվում է: Ապրիլի 8-ին հրավիրած ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Հրաժարականը բացառապես պայմանավորված է ներքին խնդիրներով, արտաքին որևէ խնդիր գոյություն չունի»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ արտաքին գործոնը Հայաստանում մեծ դերակատարությ ուն ունենալ չի կարող:

 

Նա բացառեց Հայաստանի վրա արտաքին ճնշումը որևէ պաշտոնյայի նշանակելու կամ աշխատանքից ազատելու հարցում: Կուսակցապետի կարծիքով, վարչապետի աթոռին անձերը քիչ բան են որոշելու, կարևորը թիմն է: Նրա համոզմամբ, հանրապետության ղեկավարը շահագրգռված է ունենալ ուժեղ կառավարություն, քանի որ դրա գործունեությունից է նաև կախված իր վարկանիշը:

 

Իսագուլյանը նշեց, որ վարչապետի հրաժարականի հարցը վաղուց բարձրացվել, քննարկվել է 1 տարի առաջ, 6 ամիս առաջ և այլն: Բացի այդ, նա հիշեցրեց ՀՀ նախագահի հանձնարարականը 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում Կառավարության հրաժարականի վերաբերյալ: