Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է հայկական պատվիրակության պատրաստած «Քեսաբ. դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա» հայտարարությունը հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, պատագամավորներն անհանգստությունն են հայտնել տեղահանված քեսաբահայերի վերաբերյալ և կոչ արել միջազգային հանրությանը հետաքննել ահաբեկչական խմբերին ցուցաբերած թուրքական աջակցության մասին տեղեկությունները:
«Խորհրդարանական վեհաժողովի ներքոհիշյալ անդամներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում' գլխավորապես հայերով բնակեցված հնագույն Քեսաբ քաղաքի շրջակայքում վերջերս իրավիճակի սրացման կապակցությամբ: Վերջին հարձակումները իրականացվել են սահմանի երկայնքով Թուրքիայի տարածքից' «Ալ Քաիդային» հարող ահաբեկչական խմբավորումների կողմից: Հիմնականում խաղաղ բնակչության դեմ ուղղված դաժան գործողությունների արդյունքում բռնի տեղահանությունների են ենթարկվել տեղի բնակիչները: Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և զգալի վնաս պատճառել բնակիչների սեփականությանը: Սա շարունակական մարդկային ճգնաժամ է: Հաշվի առնելով Սիրիայի զինված հակամարտության պայմաններում ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում' հայերի պաշտպանության հրատապությունը' մենք խստորեն դատապարտում և անընդունելի ենք համարում նման ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ' անկախ նրանց ազգային և կրոնական ինքնությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵԽԽՎ անդամները նաև կոչ են արել թուրքական իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ ծայրահեղական խմբավորումներին օգտվել իր տարածքից: Ինչպես նաև պահանջել հետաքննել ահաբեկչական խմբերին ցուցաբերած թուրքական աջակցության մասին տեղեկությունները:
«Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի փախստականների, այդ թվում' հայերի անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի' հեշտացնելով նրանց շուտափույթ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակության վայրեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրի նրանց հրատապ կարիքները հօգալու համար»,- նշել են պատգամավորները:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Նաիրա Զոհրաբյանի, Մհեր Շահգելդյանի, Նաիրա Կարապետյանի, նախաձեռնել էին Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ուեցած ահաբեկչական հարձակումը դատապարտող գրավոր հայտարարության տեքստը: Հայտարարության տակ ստորագրել են նաև ԵԽԽՎ պատգամավորներ Իսպանիայից, Միացյալ Թագավարությունից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից, այդ թվում' Խոսե Մարիա Բենեյտոն, Քրիստոֆեր Չոուփը, Տոբիաս Ցեխը, Խոսե Մենդես Բոտան, Հանս Ֆրանկեն, Տիերի Մարիանին, Մայքլ ՄքՆամարան, Ժոաո Բոսկո Մոտա Ամարալը, Ալեքսեյ Պուշկովը և այլք: