Սիրիայում արդեն մի քանի տարի շարունակվող պատերազմում ալավիների ու քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնությունները որոշ ուժեր փորձում են կոծկել նախագահ Բաշար Ասադի' «բռնատիրական» որակավորում ստացած իշխանության դեմ պայքարի քողի տակ: Եթե սկզբում Ասադի դեմ կռվող ուժերը պարզապես նրա ընդդիմադիրներն էին, ապա որոշ ժամանակ անց նրանց միացան նաև Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, և այժմ բավական դժվար է «ընդդիմադիրների» և ահաբեկիչների միջև սահմանազատման գիծը գտնելը: Այդուհանդերձ, Ասադի դեմ կռվող ուժերն իսկական չարիք եղան Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար, ովքեր դարձան իսլամիստական խմբավորումների առաջին զոհերը: Այս մասին Hurriyet Daily News պարբերականի իր վերլուծական հոդվածում անդրադարձել է Նուրայ Մերթը:

 

Խոսելով կատարվող իրադարձություններին թուրքական կառավարության անդրադարձի մասին' հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան ի սկզբանե հրաժարվեց ընդդիմադիրներին ահաբեկչի որակավորում տալուց և շարունակեց աջակցել նրանց «սիրիական վարչակարգի դեմ իրենց օրինական պայքարում»: «Այսօր թուրքական կառավարությունը բողոքում է հայկական սփյուռքի արշավի դեմ, որտեղ Թուրքիան մեղադրվում է հայկական բնակավայրում, այսպես կոչված, ընդդիմությանն աջակցելու մեջ:

 

Այս արշավն սկսվեց այն բանից հետո, երբ Ալ-Քաիդային հարող «Իրաքի Իսլամական Հանրապետություն և Լևանտ» կոչվող իսլամիստական խմբավորումը շարժվեց դեպի Լաթաքիա, և հայերը, ովքեր բնակվում եին Քեսաբում, ստիպված եղան անցնել Լաթաքիա կամ Բեյրութ: Հայերի աչքում դա դարձավ հայ ժողովրդի դեմ իրականացված խորհրդանշական գործողություն, քանի որ այն հիշեցրեց հայերի հետ կատարված ողբերգությունը, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստիպված եղան լքել Թուրքիան տեղահանությունների ու զանգվածային կոտորածի պատճառով»,- գրում է թուրք հոդվածագիրը: Նա ընդգծում, որ Հայկական հարցը շարունակում է առանցքային լինել հայերի ու թուրքերի հարաբերություններում, որտեղ հայկական կողմը պահանջում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ Թուրքիան հրաժարվում է ընդունել մարդկության դեմ նման մեծ հանցագործության իրականացումը:

 

Մերթը նշում է, որ թուրքական կառավարությունը մեղադրում է հայկական սփյուռքին Քեսաբի միջադեպը Թուրքիայի դեմ իբրև թշնամական գործիք օգտագործելու և Ասադին օգնության ձեռք մեկնելու համար: Հոդվածագիրն անդրադառնում է երկու քեսաբահայ կանանց միջադեպին, ովքեր Լաթաքիա գնալու ակնկալիքով, առանց տեղյակ լինելու, տարվել էին Թուրքիա, իսկ թուրքական կողմն այս միջադեպը ներկայացրել էր իբրև «սիրիահայերի նկատմամբ Թուրքիայի բարեկամական քաղաքականություն»:

 

«Նման քաղաքականությունը հնարավորություն չունի համոզելու որևէ մեկին' լինի դա բարեկամ կամ թշնամի: Ինչպես նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, «Թուրքիան փոխանցել է հայկական համայնքին ու ՄԱԿ-ին իր պատրաստակամությունը Քեսաբից հայերի տարհանման գործում»: Բայց նա պետք է առաջինը պատասխանի հետևյալ հարցին' ինչո՞ւ էր պետք հայերին տարհանել Քեսաբից: Այնուհետև այս հարցին պետք է հետևեն մյուսները. ինչո՞ւ են նրանք ցանկանում փախչել Լաթաքիա կամ Բեյրութ, ինչո՞ւ են Մերձավոր Արևելքի քրիստոնյաները փոխակերպվող տարածաշրջանի առաջին զոհերը: Կարծում եմ, Թուրքիան պետք է ավելի համոզիչ և դրական քաղաքականություն վարի տարածաշրջանում խաղաղ ապագայի համար, և ես դեռ համոզմունք ունեմ, որ չնայած Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առկա փոթորիկներին, դա Դավութօղլուի առաքելությունն է»,- եզրափակել է թուրք հոդվածագիրը: